Պալաչը «մատ» արեց Կոտայքի թագավորին. Ծառուկյանը խուճապի մեջ է
AnalysisՆախընտրական Աբովյանում այսօր բուռն իրավիճակ էր, առավոտից ՀՀԿ-Ծառուկյան տանդեմը այս քաղաքում ցուցադրում էր իր ամբողջ սնանկությունն ու ռեպրեսիվ մեթոդներով մարդկանց ճնշելու գործելաոճը:
Նախ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ձերբակալել են Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ): Այնուհետև պարզաբանում եղավ, որ ձերբակալել են ոչ թե իրեն, այլ եղբորը և ընկերներին, որոնցից մեկը պատկառելի տարիքի մարդ է:
Սա ընդամենը սկիզբն էր, քիչ անց մեր կայքին հայտնի դարձավ, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Պալաչի թեկնածությունը պաշտպանող Ժորա Բարսեղյանի դստերը՝ Աբովյանի գրադարանի տնօրեն Սոսե Բարսեղյանին, ով նոր է ծննդաբերել և գտնվում է ծննդաբերական բաժանմունքում, փորձում են ազատել աշխատանքից:
Սա էլ վերջը չէր, քիչ անց հայտնի դարձավ, որ եթերազրկվել է նրան պատկանող «Աբովյան» հեռուստաընկերությունը:
Փորձենք հասկանալ, թե որն է այս համընդհանուր ռեպրեսիաների պատճառը: Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական չարիք համարված և ամենանվաստացուցիչ ձևով քաղաքականությունից հեռացված Ծառուկյանը փորձում է պահպանել Կոտայքը՝ որպես իր «պապական» մարզ և շարունակում է դա անել քաղաքական չարիքին բնորոշ բոլոր եղանակներով: Անգամ հարազատ մարզում իր ազդեցությունը կորցնելուց վախեցած Ծառուկյանը այնպիսի քայլերի է դիմում, որ ակնհայտ է դարձնում իր ներսում տիրող խուճապը:
Այս մարդը ժողովրդին հրապարակներում մենակ թողնելուց և իր առինջյան ամրոցում թաքնվելուց հետո այնքան է կորցրել իր հեղինակությունը Հայաստանի բոլոր անկյուններում, որ լավ է հասկանում՝ Աբովյանում պարտվելը բոլոր առումներով կլինի իր պատմության վերջին էջը:
Թերևս դա է պատճառը, որ իշխանական աջակցությունից զրկված ու իշխանական պատժիչ մեքենայի դեմ միայնակ մնացած Պալաչը դարձել է Ծառուկյանի խուճապի պատճառը: Նախկին երդվյալ ընդդիմադիր Ծառուկյանը, ով մեծ մեծ խոսում էր երկրում հետապնդումների ու չարիքի իշխանությունը վերացնելու անհրաժեշտության մասին, այժմ ՀՀԿ-ի հետ ձեռք-ձեռքի բռնած դիմում է ամենահետին քայլերի՝ փորձելով հաղթանակ գրանցել իր հովանավորյալի օգտին...
Սա պարտված, վախեցած մարդու գործելաոճ է, երբ իր փչված հեղինակությունը այն աստիճանի է սասանված ու թուլացած, որ գլխակորույս նետվում է ծիծաղելի քայլերի դաշտ...
Այս իրավիճակը իշխանությունների ու Ծառուկյանի խղճուկ քաղաքական դիրքերի վկայությունն է, երբ միջին կլասի մի գործարար կարող է այնպես մատ անել ծառուկյանահանրապետական համակարգին, որ խուճապից դրդված ոչ ադեկվատ քայլեր անեն ու դիմեն ռեպրեսիաների: Իսկ ՀՀԿ-ն, որ ամենավերջին հիշոցներով Ծառուկյանին չարիք էր համարում՝ այժմ նրան առավել չարիք է դարձնում, որովհետև այդ մարդուն թվում է, թե Կոտայքն իր բոստանն է, որտեղ ամեն ինչ որոշվում է իր կամքով...
Եթե իսկապես նա այդպիսի հեղինակություն է՝ ինչ կարիք կա իր հովանավորյալին անցկացնելու համար այդպիսի խղճուկ միջոցների դիմել: Իսկ «մատ» լինելու պատճառը նրա խորհրդատուները, թերևս, չեն հուշել...
Իսկ ես հուշեմ՝ այդպես է լինում յուրաքանչյուրի հետ, ով դոշը դուրս գցած հոխորտում է հրապարակներում և պոպուլիզմով է զբաղվում, ապա առաջին իսկ իր վրա մատ թափ տալուց հետո գլխիկոր հեռանում է՝ մարդկանց հույսերը ի դերև անելով: Իսկ այսօր ռեժիմի դեմ պայքարի առաջամարտիկը ներկայանում է իր ամբողջ էությամբ՝ փորձելով իր կորցրած հեղինակությունը վերականգնել Պալաչի դեմ ռեպրեսիվ մեթոդներ կիրառելով...
Բայց մի բան ակնհայտ է՝ ժողովուրդը շատ լավ հիշում է, թե ինչպես իրեն քցեցին...
Իսկ մարդկանց համբերությունը անսահման չէ...
Վարուժան Բաբաջանյան