Հայոց ցեղասպանությունը նախադեպ դարձավ Հոլոքոստի համար. Ալան Ուիթհորն
SocietyՀայոց ցեղասպանությունը պատմությունից դասեր չքաղելու ռիսկերի, ցեղասպանությունները ժխտելու հետևանքով առաջացած վտանգների և դրանց կազմակերպիչների անպատժելիության երկարաժամկետ վնասների հիշեցումն է: Սրանք գործոններ են, որոնք նպաստում են հետագայում ցեղասպանությունների իրականացմանը: Այս մասին նշել է Կանադայի Արքայական ռազմական քոլեջի դասախոս, քաղաքագետ Ալան Ուիթհորնը՝ ցեղասպանությունների մասին իրազեկվածության և դրանց կանխարգելմանը նվիրված աշխատության մեջ: ՀՀ արտգործնախարարությունը տարածել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ օտարերկրյա գիտնականների գնահատականներն ու մեկնաբանությունները պարունակող հատուկ ձեռնարկ, որում էլ ներառված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ուիթհորնի վերոնշյալ մեկնաբանությունը:
«Անցյալի ցեղասպանությունների ճանաչումը, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, ապագա ցեղասպանությունները հասկանալու և դրանք կանխելու բանալին կարող է դառնալ: Հայերի զանգվածային կոտորածն առանցքային էր մարդու իրավունքների ոլորտում երկու կարևոր հասկացությունների առաջացման համար. դրանք են «մարդկության դեմ հանցագործությունը» և «ցեղասպանությունը»: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դարձավ կարևոր նախադեպ հետագա ցեղասպանությունների համար, ինչպիսին էր Հոլոքոստը»,- գրել է Ալան Ուիթհորնը: