ԱԺ փոխնախագահը Հունաստանում վերահաստատել է թուրքական ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը
SocietyՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին մասնակցել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի դահլիճում պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված «Ցեղասպանություն. դատապարտումը պարտադիր է» խորագրով համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, hամաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուն, ո րը, մասնավորապես, նշել է. «Ցեղասպանության չդատապարտումը ծնում է նոր հանցագործություններ: Իրերը հարկավոր է կոչել իրենց անուններով. մարդկության պատմությունը պետք է սրբագրվի ազնիվ մոտեցումներով»:
Զոյի Կոնստանտոպուլուն ցեղասպանությունների միջազգային դատապարտման հարցում կարեւորել է միջազգային հարթակներում հույն եւ հայ խորհրդարանականների միասնական պայքարի անհրաժեշտությունը:
Համաժողովին ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա կարեւորել է պատմական համաժողովի անցկացումը՝ նշելով, որ հայ-հունական միջխորհրդարանական համագործակցությունը նոր որակ է ստանում, ինչը կարող է արդյունավետ լինել երկու երկրների խորհրդարանների միասնական օրակարգն առաջ մղելու հարցում:
Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է թուրքական ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտոնական Անկարան, ժխտելով քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը, հանցակից է դառնում մեկ դար առաջ երիտթուրքերի, ապա քեմալականների կողմից իրականացված հրեշավոր հանցագործությանը՝ իր ուսերին վերցնելով միլիոնավոր անմեղ մարդկանց նահատակության բեռը»:
Ելույթներով հանդես են եկել նաեւ Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ատենապետ Գասպար Կարապետյանը, Հարավային Հունաստանի եւ կղզիների պոնտական ասոցիացիաների միության նախագահ Յորղոս Վարիթիմիադեսը, հույն պատգամավորներ: