Հայաստանը ձգտում է թափանցիկ ու վերահսկելի դարձնել բյուջեն
SocietyՀանրային ֆինանսների արդյունավետ օգտագործման, այդ գործընթացների թափանցիկությունն ու վերահսկելիությունը բարձրացնելու նպատակով Հայաստանը դասական բյուջետավորումից անցում է կատարում ծրագրային բյուջետավարմանը: Գործընթացի վերաբերյալ համաժողով անցկացվեց ՀՀ Ազգային ժողովում: ՀՀ ԱԺ Ֆինանսա վարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ ծրագրային բյուջետավորումն իր հենքում ունի քաղաքակրթական մոտիվացիա, և բնորոշ է ժողովրդավարության ճանապարհն ընտրած երկրներին: «Բոլոր երկրներում այս անցման հասցեատերը խորհրդարանն է, քանի որ խորհրդարանն է ապահովում ֆինանսական հատկացումներ այս կամ այն ծրագրի համար, և ինքն է, որ պետք է հետամուտ լինի պարզելու, թե այդ հատկացումները որքան արդյունավետ են ծախսվում, որն է դրանց նպատակը, ինչպիսի թափանցիկություն ու հաշվետվողականություն կա»,-ասաց Գագիկ Մինասյանը:
Պատգամավորի խոսքով` միջազգային գործընկերների աջակցությամբ նախորդ տարվանից մեկնարկել է պատգամավորների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագիրը: «Պատգամավորների կարողությունների զարգացումը շատ կարևոր է, քանի որ 2018 թվականից նրանք պետք է գործընկեր լինեն կառավարության ներկայացուցիչներին, որպեսզի կարողանան ոչ միայն վերահսկել, այլ այդ գիտելիքների առկայության պարագայում գործադիրին լինել լուրջ գործընկեր` նպատակ ունենալով հանրային ֆինանսների արդյունավետ ծախսումը»,-նշեց Գագիկ Մինասյանը` հավելելով, որ պատգամավորները բավականին պատրաստված են դարձել ու «նրանց համար այլևս խորշելի չէ մի քանի հազար էջանոց բյուջեն, իրենք տիրապետում են բյուջեի նրբություններին»:
Մյուս կարևոր միջոցառումը ծրագրային բյուջետավորմանն անցնելու գործընթացում, ըստ Գագիկ Մինասյանի, բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշների ձևավորումն ու մշակումն է: «Միջազգային փորձը հուշում է, որ սա չափազանց աշխատատար գործընթաց է, գործադիր իշխանության ջանքերը բավարար չեն, դրա համար անհրաժշտ է խորհրդարանի աջակցությունը»,-ասաց ՖՎԲ մշտական հանձնաժողովի նախագահը:
Գագիկ Մինասյանի տեղեկացմամբ` ՀՀ բյուջեն բաղկացած է 175 ծրագրից, որոնց համար առկա է շուրջ 1000 միջոցառում, որոնցից մեկ երրորդի համար մշակվել են կատարողական հիմնական ցուցանիշներ գործադիրի ջանքերի շնորհիվ: «Եվ մինչև 2018 թվականը մենք պետք է մնացած երկու երրորդի համար ստեղծենք կատարողական հիմնական ցուցանիշները: Այս աշխատանքը նախատեսում ենք իրականացնել վեց փուլերի միջոցով, յուրաքանչյուր տարի երկու փուլ»,-ասաց Գագիկ Մինասյանը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, խոսելով գործադիրի անունից, նշեց, որ ծրագրային բյուջետավորմանն անցնելու աշխատանքի արդյունքի սպառողը հանրությունն ու Ազգային ժողովն են: «Որքան բարձր լինեն պատգամավորների պահանջները կատարվող աշխատանքի ու ծրագրային բյուջետավորման ներդրման արդյունքում ներկայացվող հաշվետվությունների նկատմամբ, բնական է` այդ հաշվետվությունները պատրաստողների զգոնության մակարդակը կբարձրացվի, այսինքն` գործադիր մարմնի, և անկասկած` կմեծանա աշխատանքի արդյունավետությունը» ,-հայտնեց Ատոմ Ջանջուղազյանը:
Նա նկատեց, որ այդ ծրագրի իրականացումը ոչ թե մոդայիկ գործընթաց է, որին հետևում են, այլ բնակարորեն առաջացած պահանջ: «Վաղուց արդեն թե հանրությանը, թե Ազգային ժողովի պատգամավորներին չի բավարարում` «որքան գումար է նախատեսվում օգտագործել» արտահայտությունը, կարևոր է, թե այդ գումարների օգտագործումն ինչ արդյունք է տվել»,-ընդգծեց գլխավոր գանձապետը:
Նա նաև կարևորեց կատարողական ցուցանիշների ճիշտ ձևակերպումը, որոնց արդյունքում իրականացվող աշխատանքը կլինի ավելի պարզ և օբյեկտիվ: