Մայրանալ պատրաստվող Անուշիկ Ալավերդյանի հերթական նվերը ամուսնուն
Lifestyle«Շնորհակալ եմ» այս երգով 2014թ-ի հուլիսի 25-ին երգչուհի Անուշիկ Ալավերդյանը իր իսկ հարսանեկան արարողության ժամանակ բոլորի համար անսպասելի կերպով ևս մեկ անգամ սիրո խոստովանություն արեց ամուսնուն՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանին: Ամուսնության մեկ տարին դեռ չլրացած, բայց արդեն ապագա մայրիկի կարգավիճակով երգչուհին Life.panorama.am-ին պատմեց, որ այս երգի հիման վրա շատ շուտով տեսահոլովակ կներկայացնի. «Այս երգի երաժշտության հեղինակը Էրիկն է, իսկ խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը: Չեմ ուզում փակագծերը բաց անել և ասել, թե ովքեր են զբաղվելու այս տեսահոլովակով, միայն կասեմ, որ հույս ունեմ, որ մինչև հուլիս ամիսը կներկայացնեմ այն հանդիսատեսին: Ճիշտ է՝ այս երգը արդեն բազմիցս հնչել է, քանի որ իմ հարսանեկան արարողությունից հետո այն մեծ տարածում գտավ, և ի ուրախություն ինձ շատերը իրենց հարսանեկան միջոցառումների ժամանակ ևս հնչեցնում են այս երգն ու սիրո խոստովանություն անում՝ շնորհակալական խոսքն հղելով սիրելին»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ իր համար այս երգը սիրելիների երգերի շարքին է դասվում. «Այս երգը առանձնացված է ինձ համար, քանի որ այն իմ կյանքում շատ կարևոր օրվա համար է գրվել, այն իսկապես շատ հուզիչ և տպավորիչ երգ է: Այս երգն, այն եզակի ռոմանտիկ երգերից մեկն է դարձել, որը կարելի է երգել սեփական հարսանիքի ժամանակ՝ նվիրելով սիրելի ամուսնուն»,- նշեց Անուշիկը:

Երգչուհին այս ժամանակաշրջանում գտնվելով կնոջ համար ամենագեղեցիկ՝ ապագա մայրիկի կարգավիճակում, մեզ հետ զրույցում նկատեց, որ տեսահոլովակի ստեղծման առումով կարգավիճակը դեր չի ունեցել. «Այսպես, թե այնպես ես որոշել էի, որ «Շնորհակալ եմ» երգը պետք է տեսահոլովակ ունենա, պարզապես այս գեղեցիկ շրջանի հետ համընկնում եղավ, ինչի համար էլ ավելի ուրախ եմ»,- պատմեց Անուշիկ Ալավերդյանը: