Հայկական որբանոցը հայ համայնքին վերադարձնելու կոչով երթ տեղի կունենա Ստամբուլում
SocietyՍտամբուլի Թուզլա շրջանում գտնվող և «Արմեն ճամբար» անունով հայտնի հայկական որբանոցի տարածքը հայ համայնքին վերադարձնելու կոչով մայիսի 22-ին տեղի կունենա երթ:
Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Արդեն շուրջ երկու շաբաթ որբանոցի տարածքում հերթապահող և շինության քանդմանը դիմադրող նախաձեռնությունների հեղինակները նշել են, որ երթը տեղի կունենա առանց որևէ դրոշի: Երթին մասնակցելու կոչ պարունակող հայտարարության մեջ նշվում է. «Հայ որբերի ձեռքով կառուցված «Արմեն ճամբարը» պայքարում է փլուզվելու դեմ: Հրանտ Դինքի ավանդը` «Արմեն ճամբարը» պահպանելու համար բոլորս էլ անելիք ունենք: Հայ ժողովրդի արդարության համար մղվող պայքարին աջակցելու համար մայիսի 22-ին ժամը 19:00-ին կհանդիպենք Թունելում և կբղավենք. «Թող «Արմեն ճամբարը» վերադարձվի հայկական հիմնադրամին: Առանց պայմանների և հենց հիմա»:
Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը կառուցվել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: «Արմեն ճամբար» որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանորոգում, < i>ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում: Թուրքիայում 2011թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում: 5.552 հազար քմ տարածք ունեցող որբանոցը 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում կարողացել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974 թվականին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել է իր կողմից գնված 600 քմ-ին: 1977 թվականին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ըն դունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:
Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբար»-ի տարածքում մշտական մարդկային հերթապահություն կա: