Կառավարությունը կհոգա արտերկրում բուժվող զինծառայողների ծախսերը
SocietyՀայաստանի կառավարությունը մայիսի 21-ի նիստում հավանության է արժանացրել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած օրինագիծը, որով նախատեսվում է մարտական գործողության իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, խեղված կամ հիվանդություն ձեռք բերած զինծառայողների բուժումն արտերկրում վերցնել պետական հոգածության ներքո:
«Բուժումը առաջարկվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվին՝ հատուցելով բուժման, ճանապարհածախսի, կեցության գումարը, ինչպես նաև ընտանիքի անդամի ճանապարհածախսի ու կեցության ծախսը», ասել է օրինագիծը ներկայացրած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, այդ հանգամանքը կբարձրացնի զինծառայողների պաշտպանվածության հանգամանքը եւ կխթանի ծառայության էլ ավելի պատշաճ իրականացումը:
Իսկապես կարևոր և ուրախալի լուր է: Վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվում էր այս հարցը, որը, անշուշտ, զուտ ֆինանսականից բացի բարոյական հարթության խնդիր էր: Այս քայլով կառավարությունը նաև իր հովանու տակ առավ Հայրենիքին ծառայություն մատուցելիս վնասվածքներ ստացած անձանց, ինչը զինծառայողի համար երաշխիք է, որ ցանկացած դեպքում պետությունը իրեն միայնակ չի թողնի իր սոցիալական խնդիրների հետ:
Առանձնակի կարևոր է արտերկրում բուժման հարազատի հետ մեկնելու հնարավորությունը: Ինքնին հասկանալի է, թե ինչպիսի դժվարությունների կհանդիպեր զինծառայողը՝ միայնակ արտերկրում բուժվելիս:
Մի խոսքով՝ ապրեն բոլորը՝ թե օրինագիծը ներկայացրած պատգամավորը, թե այն պաշտպանած և կյանքի կոչած կառավարությունը:
Անդրանիկ Բարսեղյան