Բորիս Գրաչևսկին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
SocietyՀազարավոր տարիների պատմություն ունեցող հայ ժողովրդի կյանքում Հայոց ցեղասպանության պատճառած կորուստն անհամեմատելի է, և երկրի երեսին նման հրեշավոր երևույթներ քիչ են եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ռեժիսոր, «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին, ով Երևան ժամանելուն պես այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
«Հայոց ցեղասպանությունը գերագույն դժբախտություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ողջ աշխարհի համար: Դժվար է խոսել ու համեմատել այն այլ երևույթի հետ: Եվ այն անմոռանալի է, քանի որ 100 տարի է անցել, իսկ այն մարդիկ, ովքեր շատ գործեր կարող էին անել՝ արդեն երկրի երեսին չեն, սակայն անմար է հիշատակն այդ մարդկաց, որով պետք է ապրի ամբողջ աշխարհը: Մենք ամենը պետք է անենք, որպեսզի ոչ միայն նման բան չկրկնվի, այլ նաև դրան մոտիկ ողբերգություն տեղի չունենա, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղության պայմաններում», - հուզմունքով ասաց Բորիս Գրաչևսկին:
«Երալաշ» մանկական կինոահանդեսի գեղարվեստական ղեկավարը հավելեց, որ խորհրդային տարիներին, երբ շատ երևույթների մասին ընդունված չէր խոսել, նա, լինելով գրքի սիրահար պատանի, տեղյակ էր Հայոց ցեղասպանության մասին:
«Մեծ վիշտ է, սարսափելի ողբերգություն: Աշխարհը երբեք չի մոռանա այն: Հայաստանը հզոր երկիր է: Խաղաղություն ձեզ, սիրելի հայեր», - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում իր զգացմունքներն այս տողերով է արտահայտել Բորիս Գրաչևսկին:
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, «Երալաշ մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին Երևան է ժամանել Ռոլան Բիկով» հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակներում: Հիմնադրամի նպատակն է իրագործել մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր` ուղղված երեխաների և երիտասարդների գեղագիտական, մշակութային ու կրթական զարգացմանը: