Ես ունեմ կասկածներ, որ կայքի վրա հարձակումը պատվիրել է գործարար Խաչատուր Սուքիասյանը. analitik.am-ի խմբագիր
SocietyԱրդեն մի քանի օր է՝ խափանված է analitik.am կայքի բնականոն աշխատանքը: Կայքը ենթարկվել է կիբերհարձակման: Orer.am-ը զրուցել է analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի հետ և պարզել՝ ինչով է նա պայմանավորում այս ամենը: «Կայքը 4-րդ օրն է՝ ենթարկվում է DDOS հակերային հարձակման: Մենք դիմել ենք Ոստիկանության կազմակերպված հանցագործության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների բաժին: Իրավապահ մարմինները արդեն զբաղվում են հարցով: Այս պահի դրությամբ կայքը էլի չի աշխատում, բայց վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- նշեց մեր զրուցակիցը:
Խոսելով այն կասկածների մասին՝ արդյո՞ք այս ամենի մեջ նա մեղադրում է որևէ մեկին՝ Անի Հովհաննիսյանն ասաց. «Վերջին շրջանում analitik.am-ը բացահայտումներ արեց՝ կապված գործարար Խաչատուր Սուքիասյանի «Օղակաձև զբոսայգու» տարածքում հյուրանոց կառուցելու ծրագրերի հետ: Համապատասխան հրապարակումներ եղան նաև կայքի վրա հարձակման օրը: Ես ունեմ կասկածներ, որ այդ DDOS հարձակումը պատվիրել է գործարար Խաչատուր Սուքիասյանը: Իրեն վերաբերվող նյութերի տակ մշտապես եղել են սպառնալիքներ, վիրավորանքներ պարունակող մեկնաբանություններ, որոնք հեռացվել են կայքից: Սուքիասյանի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին որևէ կերպ չի մեկնաբանել այդ ամենը»:
Ցավոք, Orer.am-ը առայժմ չկարողացավ կապ հաստատել Խաչատուր Սուքիասյանի կամ նրա ներկայացուցչի հետ, որպեսզի ծանոթանա երկրորդ կողմի մեկնաբանություններին:
Լևոն Փանոսյան