Հայաստանը ստորագրել է Միջազգային էներգետիկ խարտիան
SocietyՆիդերլանդների Հաագա քաղաքում մայիսի 20-ից 21-ը տեղի է ունեցել Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համաժողովի նպատակն էր` հաստատել Միջազգային էներգետիկ խարտիան, որն ընդունել է 75 երկիր և ստորագրել 64-ը: Խարտիան ստորագրող երկրների շարքում է նաև Հայաստանը:
Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Շահվերդյանը մասնակցել է էներգամատակարարումն էկոլոգիապես մաքուր դարձնելուն նվիրված քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի փորձն այս ոլորտում, ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ապագա ծրագրերը: Նա նշել է, որ ներկա պահի դրությամբ այլընտրանքային էներգիան կազմում է Հայաստանի էներգարտադրության ավելի քան 9 տոկոսը՝ հիմնականում բաղկացած լինելով ՀԷԿ-երից: Պետության կողմից առաջընթաց զարգացման նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում քամու, արևի և երկրաբանական աղբյուրների էներգիայի զարգացմանը` նպատակ ունենալով առաջիկա տասնամյակում հասնել այլընտրանքային էներգարտադրության ավելի քան կրկնակի աճի:
Միջազգային էներգետիկ խարտիայի նպատակն է զարկ տալ միջազգային համագործակցությանը և գործակցությունն` ուղղված էներգետիկայի զարգացմանը և այդ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը, խրախուսել երկրներին զարկ տալու այլընտրանքային էնեգետիկ աղբյուրների զարգացմանը և աստիճանաբար ներդնելու էկոլոգիապես ապահով տեխնոլոգիաներ:
Համաժողովի շրջանակներում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Շահվերդյանը հանդիպել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխահանման հարցերով նախարար Դեմչիշինի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվել են էներգետիկայի զարգացման բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: