Մասրիկ գետը վարարել է
SocietyՍեւանա լճի ավազանի ամենաջրառատ գետերից մեկը՝ Մասրիկը, աստիճանաբար սկսում է մոտենալ իր վտանգավոր ելքին, որը կազմում է 14,2 խորանարդ մետր վայրկյան: Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, մայիսի վերջին երեք օրերի ընթացքում Մասրիկ գետի ջրի ելքը կազմել է 13,2 խորանարդ մետր վայրկյան, ինչի արդյունքում արդեն ջրով է ողողվել Մեծ Մասրիկ համայնքի պտղատու այգին, որը գտնվում է Մասրիկ գետի երկու ափերին:
«Մասրիկ գետի ջրերի նման բարձրացում հազվադեպ տարիների կարելի է հիշել, իսկ որ այդ ջրերը կարող էին բարձրանալ մինչեւ այգիները լցվելու աստիճան, դա արդեն չտեսնված բան էր»,- նշեց Մասրիկ գյուղի բնակիչ Արտյոմ Հունանյանը:
ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից ստացված տեղեկության համաձայն՝ Մասրիկի ջրերի բարձրացման հետեւանքով առայժմ արտակարգ իրավիճակ համայնքներում չի առաջացել, արտակարգ դեպքերի մասին ահազանգեր չեն ստացվել:
Խոսրով Խլղաթյան