ՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքում բացվել է ֆաշիզմի դեմ Հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսը
CultureՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մայքլ Մելլերը, Ազգերի պալատում բացելով ֆաշիզմի նկատմամբ Հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսը, կոչ է արել՝ թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգության կրկնվելը:
Մայիսի 21-ին Ժնեւի Ազգերի պալատում կայացել է լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել են Ռուսաստանի եւ Բելառուսի մշտական ներկայացուցչությունները: Ցուցադրանքը ներառում է մի քանի ստենդ՝ պատմական լուսանկարներով, որոնցում ներկայացված են Հայրենական մեծ պատերազմի բոլոր հիմնական փուլերը:
Լուսանկարներում արտացոլված են Էլբայի վրա դաշնակիցների հանդիպումը եւ Բեռլինի գրավումը, թիկունքի աշխատավորների գործունեությունը, պարտիզանական ջոկատների պայքարը, խորհրդային մարդկանց տառապանքը Լենինգրադի շրջափակման ընթացքում եւ նացիստական համակենտրոնացման ճամբարներում:
«Այս լուսանկարները պատմության հիշեցումն են, որը երբեք չպետք է կրկնվի: 70 տարի առաջ ՄԱԿ-ը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Այդ իրադարձությունը նշելու համար Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձեւ, որը կոչ է անում մասնակից բոլոր երկրներին՝ հարգանքի տուրք մատուցել Երկրորդ աշխարհամարտի բոլոր զոհերին: Եվ այս ցուցահանդեսը համահունչ է այդ որոշման կատարմանը»,- ասել է Մելլերը՝ ելույթ ունենալով դիվանագետների, լրագրողների եւ ՄԱԿ-ի աշխատակիցների առջեւ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա դիվանագետների, ՄԱԿ-ի աշխատակիցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանում: Դրա բացմանը եկել էին ՄԱԿ-ին առընթեր հավատարմագրված առաքելությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ավստրիայի, Նորվեգիայի, Սիրիայի, Եգիպտոսի դիվանագետներ, ինչպես նաեւ Ժնեւում ՄԱԿ-ին առընթեր Ռումինիայի մտական ներկայացուցիչ Մարիա Չոբանուն: