Կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանապահ համայնքների աշակերտների դասընթացները լինեն անվտանգ
SocietyՀՀ կառավարությունը շարունակելու է մեծ ուշադրություն ցուցաբերել սահմանամերձ համայնքների նկատմամբ՝ փորձելով իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սյունիքի, Արարատի, Տավուշի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների աշակերտների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Շուրջ 2700 աշակերտ Երևան է ժամանել «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը կարևորեց նման ծրագրերի իրականացումը և ողջունեց աշակերտների այցը Երևանի մշակութային օջախներ: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր դասընթացներն անցկացնեք անվտանգ պայմաններում»,- ընդգծեց վարչապետը:
Այնուհետև վարչապետը պատասխանեց աշակերտների տարբեր հարցերի, անդրադարձավ իր մանկությանն ու նախընտրած հեքիաթներին:
Աշակերտների ծնողները շնորհակալություն հայտնեցին վարչապետին սահմանամերձ համայնքների նկատմամբ մշտական հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար և ընդգծեցին, որ կառավարության տարբեր նախաձեռնությունների և մի շարք արտոնությունների շնորհիվ սահմանամերձ համայնքներում նվազել է արտագաղթը, բարելավվել բնակչության սոցիալական վիճակը:
Կարևորելով երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակությունը՝ ծրագրի շրջանակում աշակերտների համար կազմակերպվել են այցելություններ Երևանի մի շարք մշակութային օջախներ: Երեխաները եղել են Կոմիտաս թանգարան-ինստիտուտում, Հայաստանի պատմության թանգարանում, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում դիտել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգային ծրագիրը, Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: