Նախարարությունը տարբեր միջոցներ է կիրառում սփյուռքում հայոց լեզվի պահպանման համար
SocietyՀայկական սփյուռքի ամենամեծ մարտահրավերը մայրենի լեզվի իմացության պակասի հարցն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով 2014թ. մայիսից մինչև 2015թ. մայիսը իրականացված աշխատանքները, նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Եթե սկզբնական շրջանում մեր դպրոցները, տատերն ու պապերն ավելի նախանձախնդիր էին լեզուն սովորեցնելու հարցում, ապա այժմ այն հետին պլան է մղվում, երիտասարդների մեջ պակասում է հայերեն խոսելու կարողությունը»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ նախարարությունն օգնում է հատկապես ԱՊՀ երկրների տարածաշրջաններում մաշտոցյան կենտրոններ բացել, որպեսզի լեզվի խնդիրները որոշ չափով լուծվեն: «Ուսուցիչներին վերապատրաստման ենք հրավիրում Հայաստան: Հիսուն հազար կտոր դասագրքից ավելի ենք մատակարարել տարբեր դպրոցների»,- հայտնեց նա:
Նախարարն արդյունավետ է համարում նաև հեռուստադպրոցի կազմակերպումը, որն իրականացվում է հայերեն-անգլերեն տարբերակով՝ արբանյակային կապով: «Այն ավելի լայն, մասսայական խնդիր է լուծել: Բայց կարծում ենք, որ հայերեն պետք է սովորել Հայաստանում: Դրա համար մենք պետական համալսարանի բազայի վրա բացել ենք ամառային դպրոց, տարեկան շուրջ 100 հոգի արևմտահայերեն և արևելահայերեն են սովորում: Այս տարի ամառային դպրոցը կանցկացվի հուլիսի 2-ից օգոստոսի 1-ը: Կրթական աշխատանքներին նաև սփյուռքի դասախոսներն են մասնակցելու»,- նշեց նախարարը: