Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է քննարկելու փոխադարձ հետաքրություն ներկայացնող ցանկացած նախաձեռնություն. Տարոն Մարգարյան
SocietyՊաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 23-ին մասնակցել է «Բազմակողմության ներդաշնակությունը. քաղաքային արդյունավետ կառավարման դերը ժամանակակից աշխարհում» խորագրով համաժողովին։ Համաժողովի ընթացքում Տարոն Մարգարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասվում է.
«Ընդունելով ժամանակակից մարտահրավերները, զարգացնելով կառավարման մեր գործիքներն ու ավելի մոտ և անմիջական կապի մեջ լինելով մեր քաղաքացիների հետ, համոզված եմ, որ մենք ավելի արդյունավետ զարգացումներ կարող ենք ունենալ: Այնուամենայնիվ, որքան էլ շոշափելի լինեն մեր քաղաքների ներկա ձեռքբերումները, արագ զարգացող աշխարհում ուղղակի անհնար է բավարարվել եղածով: Ժամանակն ինքն է առաջադրում մարտահրավերները, որոնց շարքում այսօր առանձնակի կարևորված են ուրբանիստական նոր մոտեցումները, այդ թվում նաև խելացի և անվտանգ քաղաք ունենալու հրամայականները: Այս տեսանկյունից մեկ անգամ ևս պետք է առանձնակի կարևորեմ միջազգային համագործակցությունն ու բարեկամ քաղաքների հետ գործընկերային հարաբերությունների խորացումը: Հարկ եմ համարում նաև վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է քննարկելու փոխադարձ հետաքրություն ներկայացնող ցանկացած նախաձեռնություն, նաև փոխշահավետ համագործակցություն ծավալելու մեր բոլոր գործընկերների հետ: Կրկին շնորհակալություն հայտնելով իմ լավ բարեկամ պարոն Պոլտավչենկոյին կարևոր այս համաժողովի մասնակիցը լինելու հնարավորությունն ընձեռելու համար՝ համաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր աշխատանք»։