ՀՀ ԱԱԾ-ն «Օդնոկլասսնիկի»-ի միջոցով ադրբեջանական «հետախույզներին» ապատեղեկատվական նյութերով մոլորեցրել է
SocietyԱդրբեջանական կողմը շարունակում է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացել, ներկայանալ որպես Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ Զինված Ուժերի նախկին զինծառայողներ և քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատելու միջոցով տվյալներ կորզել: Այս մասին նշվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից` «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ: «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, զանգվածային լրատվամիջոցներում, պարբերաբար տարածել էր ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական-քայքայիչ գործունեության մասին հայտարարություններ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները վկայում են, որ հակառակորդը չի հրաժարվել արդեն իսկ հնություն դարձած մարտավարությունից, շարունակելով&nb sp; «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացելու, որպես Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ Զինված Ուժերի նախկին զինծառայողներ ներկայանալու, մեր քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատելու և տվյալներ կորզելուն ուղղված ապարդյուն գործառույթներից:
Համալիր օպերատիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում, ինչպես նաև հայրենասիրական գաղափարներով օժտված հայ երիտասարդների օգնության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գործադրված կեղծ էջերի բացահայտման ու մշակման գործընթացն և արդյունքում նրանց մատուցում այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցնում և խուճապի են մատնում «տաղանդավոր հետախույզներին»:
Այս անգամ, «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում, իրենց «հնարամտությամբ» աչքի են ընկել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետախույզ-օգտատերեր «Hovik Margaryan»-ը, «Edgar Minasyan»-ը, «Rafik Tovmasyan»-ը, «Norik Barsegyan»-ը և «Norik Margaryan»-ն, որոնց տրամաբանելու ունակությունները նույնիսկ թույլ չեն տվել փոփոխելու մեր քաղաքացիների հետ ծանոթություն հաստատելու և նամակագրություն իրականացնելու համար ընտրված ու արդեն բոլորին հայտնի առասպելները:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ»,-հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն: