Իրանի «Արտակ արք. Մանուկյան» թանգարանում կազմակերպվել է թանգարանային գիշեր
CultureԻրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և «Արտակ արք. Մանուկյան» թանգարանի տնօրինության հետ համագործակցությամբ Թեհրանի Ս. Աստվածածին եկեղեցու և թանգարանի տարածքում կազմակերպվել է յուրահատուկ ցուցահանդես: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ալիք» օրաթերթից:
Թերթի թղթակցի հետ ունեցած զրույցում թանգարանի պատասխանատու Ալիս Շահմուրադյանը նշել է, թե քանի որ շաբաթը հռչակվել է թանգարանային շաբաթ, որոշվել է մայիսի 21-ը հայտարարել «Թանգարանային գիշեր»: Թանգարան են այցելել տարբեր երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ:
Նա նշել է, որ թանգարանում բացվել է տաղավար, որտեղ ցուցադրված են Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների ու այսօրվա մետաղադրամներ և թղթադրամներ:
Հատկանշական է, որ եկեղեցու տարածքում կազմակերպված ցուցահանդեսին կից կազմակերպվել է հայ կանանց և արվեստագետների ձեռքի աշխատանքների վաճառք- ցուցահանդես:
Ալիս Շահմուրադյանը ողջունել է մշակութասերների այցելությունը թանգարան` ծանոթանալու մեր ժողովրդի անցյալին: