Ցեղասպանվածի նեղացկոտությունը
Analysis2014 թվականն ու 2015-ի առաջին կեսն անցան Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների, իսկ ավելի խոսակցային՝ անմոռուկի քողի ներքո: Հայաստանյան իշխանապատկան բոլոր լրատվամիջոցներն ապահովեցին «անմոռուկային յուրօրինակ այս լեթարգիան» իրենց բոլոր ներզոր կարողություններով՝ անտեղի, երբեմն էլ անհեթեթ պաթոսաբանությամբ: Սակայն Ապրիլի 24-ից հետո սկսվեց «ցեղասպանական նիրհից արթնացումը», որը, որքան էլ տարօրինակ է, ավարտվեց Եվրատեսիլ 2015-ով: Բնականաբար, իրերի ընթացքն այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ոչ միայն ամբողջ աշխարհին, այլև մեն-միայն հայաստանյան հասարակությանը հնարավոր չէ պահել շարունակական զոմբիացման սահմաններում:
Արդյունքում Եվրատեսիլ կոչված և Եվրոպայի կողմից վաղուց արդեն լուրջ չընկալվող երաժտական մրցույթը դարձավ հարյուրամյակի միջոցառումների վերջին ճիչը, ընդ որում՝ բավական թույլ ու ցավալիորեն ավանդական դարձած նեղացկոտ ու լացակումաց ճիչը: Այստեղ, սակայն, բոլորովին էլ էական չէ ո՛չ Հայաստանը ներկայացնող խմբի մասնակիցների մասնագիտական որակն ու պատրաստվածությունը, ո՛չ երգի ընտրությունը, ո՛չ էլ այլ հանգամանքներ. խոսքը վերաբերում է այն հույսին կամ շեշտադրումներին, որոնք առկա էին ինչպես Ցեղասպանության հարյուրամյակի, այնպես էլ, զարմանալիորեն, Եվրատեսիլի նախապատրաստական գործընթացներում: Իսկ այդ հույսի «առանցքը» «ցեղասպանվածի լացակումած» պահանջատիրությունն էր: Սակայն, ինչպես և սպասելի էր, նման պահանջատիրությունը չի կարող երբևէ որևէ հաղթանակ ապահովել՝ անկախ նրանից՝ դա արվում է քաղաքականության, երաժշտության, թե, ընդհանրապես, մշակույթի մեջ: Արդյունքում մենք կանգնեցինք հերթական կոտրած տաշտակի առջև:
Ապրիլի 24-ն արդեն ետևում է, մայիսի 9-ը՝ նույնպես. առկա վարչակարգի հաղթանակապաթոսային ինքնադրսևորման համար մնացել է ընդամենը մայիս 28-ը, որն էլ արդեն իսկ պարզ է՝ լեցուն է լինելու հաճախ բանականության սահմանները հատող հռետորաբանությամբ: Սակայն մեկ բան հստակ է. հայաստանյան եթերներից հնչող ճոռոմաբանությունը չի կանխելու արտագաղթը, ոչ թե նվազեցնելու, այլ բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը, չի լուծելու ինչպես կենցաղային, այնպես էլ հայաստանյան հասարակության առջև ծառացած հասարակական-պետական լրջագույն խնդիրները:
Մյուս կողմից հարկ է փաստել, որ դատարկ հռետորաբանության ու պաթոսի մեջ, կամա թե ակամա, վարկաչակարգը սպառում է ինքն իրեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ հետևանքները միայն ժամանակի խնդիր են:
Աղասի Մարգարյան