Բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր է մեկնարկել
SocietyՀայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով նոր ծրագիր է մեկնարկել: Մայիսի 27-ին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ազդարարեցին «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի մեկնարկը: 400 հազար եվրո բյուջեով ծրագրի տևողությունը 24 ամիս է:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան կարևորեց ծրագրի մեկնարկը:
«Հույս ունեմ, որ ծրագիրը կբարելավի բարեխիղճ կառավարումը կրթության ոլորտում, կամրապնդի բարեվարքությունը: Կրթությունը բարելավելու միջոցներից է նաև գիտական շրջանակների բարեվարքության ամրապնդումը»,- նշեց Տրայան Հրիսթեան: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը հաջողություն մաղթեց ծրագրին՝ հույս հայտնելով, որ այն կրթության ոլորտում արդյունավետ կլինի:
«Կոռուպցիայի նվազեցումը հասարական կյանքի բոլոր ոլորտներում դժվար է, և ԵՄ-ն կաջակցի, որ Հայաստանում այն նվազի»,-ընդգծեց նա:
ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարութունյանը նախարարության անունից ողջունեց ծրագրի մեկնարկը:
«Այս ծրագիրը ֆինանսավորում է Եվրախորհուրդը և Եվրոպական միությունը: Շնորհակալություն եմ հայտնում Եվրախորհրդին՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նվիրվածության համար և այն փաստի, որ ուշադրություն են դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին: Ուրախ եմ, որ վերջապես ֆինանսավորում է տրամադրվել, և այսօր սկսում ենք այս ծրագիրը»,-նշեց նա:
Կարինե Հարությունյանն ընդգծեց, որ մինչ ծրագրի մեկնարկի միջոցառմանը գալն ուսումնասիրել է կոռուպցիան տարբեր երկրներում՝ հատկապես Transperency International-ի կայքը:
« Կոռուպցիայի տեսանկյունից Հայաստանում վիճակը լավ չէ, բայց դանդաղ ձևով բարելավվում է: Մեր երկրում կոռուպցիայի վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, և կարևոր է, որ մեծ առաջընթաց կա կոռուպցիայի նվազեցման գործում»,-նշեց փոխնախարարը՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը:
«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի տևողությունը 24 ամիս է: Նախատեսվում է այն ավարտին հասցնել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Ծրագրի նպատակը բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարն է՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը:
Ծրագրի խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխար գելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: