Ի՞նչ է խլել մեզանից համացանցը
LifestyleԵրևանյան շոգերն արդեն խեղդում են: Բայց չէ՞ որ դեռ երեկ տոնածառը հավաքեցինք: Ժամանակն ու մենք լրիվ անծանոթներ ենք դարձել: Ոչ մենք ժամանակ ունենք ժամանակի համար, ոչ էլ ինքը` մեզ համար:
Փիլիսոփաներն ասում են, որ փոխվում է սոցիալական ժամանակը, այսինքն այն ժամանակը, որը ստեղծում ենք ինքներս:
Իսկ ինչպե՞ս ենք ստեղծում մենք այն, գոնե երիտասարդներս: Համալսարանում ենք, դասամիջոցներին հայտնի <<ծնգոցից>> մտնում ենք ֆեյսբուք` պատասխանելու,հետո գնում ենք մի տեղ` մի բան ուտելու, ընտրում ենք սիրունները, նկարում ենք դրանց, <<գցում>> ինստագրամ: Ըհը, դե թող սովածները տեսնեն, տանջվեն:
Երևի շարունակելու կարիք չկա, հատկապես, որ ծխող,խմող ու կիսամերկ աղջիկների ինքնագովազդին անդրադառնալու ճիշտ տեղը չէ:
Իսկ երբ մեր համակարգչային հմտությունները չեն բավականացնում, ու՞մ դիմել: Իհարկե: «Google.com- kak skachat video iz youtube?» , և գուգլը սա հասկանում է, գուցե մի քիչ կնեղվի, բայց կհասկանա, մեր փոխարեն մտածողը վաղուց նա է:
Այս ամենը գուցե չհուզեին ու չստիպեին ինձ հասնել հոգեբանության ֆակուլտետ` հասկանալու համար, թե ինչ բավարարվածություն է տալիս մեզ սոցիալական այս մոլուցքը:
Սակայն տեխնիկայի ու բնության համադրության մեջ ինձ համար մի անհամապատասխանող բան, այնուամենայնիվ կար, և ես ժամը չորսն անց կեսին թակեցի ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դուռն ու այնտեղ գտնվող միակ մարդուն լայն ժպիտով ասացի, որ ես ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետից եմ և ուզում եմ մի երկու հարց ուղղել մեր համալսարանի բազմափորձ հոգեբաններից մեկին: Տիկինը պատասխանեց:
-Իսկ ինչու՞ պիտի դասախոսը իր ժամանակը ծախսի դրա վրա: Էն էլ էս ժամին, որ հոգնած ենք: Все убиты…
Գուցե հոգեբանները ինձ չօգնեցին հասկանալու , բայց աննկատելիորեն վրա հասած ամառը հուշում է, որ մենք ապրում ենք հոսանքի մեջ` սպասելով լայքերին, որ մեր հասարակության մեջ ամեն անգամ թերարժեքության խնդիրներ են առաջանում, տեսնելով մյուսի, ինչ-որ բանով ավելի լավ թվացող կյանքը:
Դեռ նոր, ինքնահաստատման եզրին հայտնված դեռահասները ստիպում են ծնողներին, թեկուզ պարտքերով, իրենց համար գնել այֆոններ ու այփադներ ու լինել այնտեղ, որ <<չեք ին>> են լինում շատերը:
Ամառը եկավ, որ ասի, որ մենք մոռացել ենք միմյանց, մենք իրար ժպտալու փոխարեն սմայլիկ ենք ուղարկում, չենք լսում ձայնի մեջ դող, հայացքի մեջ հուզմունք, չենք տեսնում, ու հետո հիշելու կամ երազելու ոչինչ չի մնում:
Արտաքուստ մենք այնքան զբաղված ենք, ոչինչ չենք հասցնում, զբոսնելու, ծիծաղելու, խաբվելու ժամանակ չունենք: Մենք լցված ենք թվերով ու սիրելու ժամանակ չունենք…
Արուս Տիգրանյան