«ArmBookExpo» գրքի երկրորդ ցուցահանդեսին հատուկ ուշադրություն կդարձվի ցեղասպանության թեմայով գրականությանը
Culture«ArmBookExpo» գրքի երկրորդ ցուցահանդեսում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Հայոց ցեղասպանության թեմայով գրականությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 27-ին նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
«2012 թվականին, երբ Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք էր, Հայաստանում կազմակերպվեց «ArmBookExpo» ցուցահանդեսը, որի նպատակն էր ներկայացնել աշխարհում հայկական թեմայով հրատարակված գրքերը: Այդ նպատակով, արտերկրի մեր դեսպանությունների աջակցությամբ, ներկայացվեց մոտ 1500 անուն գիրք: Այս տարի սեպտեմբերին կունենանք «ArmBookExpo»- ի երկրորդ ցուցահանդեսը, որի ժամանակ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ցեղասպանության թեմայով հրատարակված գրքերին»,-նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:
Փոխնախարարի խոսքով՝ միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել նաև գրքերի շնորհանդեսներ, որոնք ավելի շատ կլինեն, քան 2012-ին են եղել:
«ArmBookExpo» գրքի առաջին ցուցահանդեսն անցկացվել է 2012 թվականի ապրիլի 22-23-ը: Ցուցահանդեսին ներկայացվել է Հայաստանում և աշխարհի ավելի քան 40 երկրներում տպագրված հազարից ավելի հայերեն և բազմալեզու գրականություն: