Մշակույթի նախարարությունը կարևորում է «Գրական տապան» փառատոնի անցկացումը
Culture«Գրական տապան» միջազգային ամենամյա փառատոնին մինչ օրս մասնակցել է 90 գրող 38 երկրից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Նա այս փաստը կարևոր է համարում:
«Այն Հայաստանի խոշորագույն գրական իրադարձություններից է: Փառատոնի շրջանակում հրատարակվել է չորս ժողովածու: Հայաստան այցելած գրողների տպավորություններն են ներկայացված այս ժողովածուներում՝ բնագիր և հայերեն թարգմանությամբ: Շուտով լույս կտեսնի նաև հինգերորդ ժողովածուն: Հետաքրքրական է, որ երբեմն մասնակից գրողները սեփական նախաձեռնությամբ մենագրություններ են գրում Հայաստանի մասին: Այս գրողները նաև դառնում են մշակութային ասպարեզում Հայաստանի դեսպանները»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ այդ գրողները նաև մասնակցում են միջազգային ցուցահանդեսներին և հայկական տաղավարներում ներկայացնում են իրենց ստեղծագործությունները:
«Այս տարի փառատոնի շրջանակում միայն 12 գրքի շնորհանդես է տեղի ունեցել»,-հավելեց Ներսես Տեր-Վարդանյանը:
«Խոսքը հանուն կյանքի» խորագրով ապրիլի 20-29 Երևանում անցկացվեց «Գրական տապան» միջազգային ամենամյա փառատոնը` «Գրական տապան. ապրիլ» ծրագրով: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գրական այս նախաձեռնությունն ընթերցասեր հանրությանը ծանոթացրեց Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված օտարալեզու ստեղծագործությունները, որոնց հեղինակներին էլ կհյուրընկալի փառատոնը:
«Գրական տապան. ապրիլ» փառատոնը, որն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ), հյուրընկալեց միջազգային գրական աշխարհում հեղինակություն ունեցող մտավորականների: Անցկացվեցին բազմաբնույթ միջոցառումներ, շնորհանդեսներ, իսկ փառատոնի պատվավոր հյուրն էր ֆրանսիացի հանրաճանաչ գրող Բերնար Վերբերը: