Սեւանի ափն այս տարի կազատվի 150 հեկտար անտառածածկ տարածքից
SocietyՍեւանի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկման վտանգի տակ գտնվող անտառների մաքրումն այժմ ընթանում է Նորատուսի եւ Ծովակի լճափնյա հատվածներում: Ինչպես տեղեկացրեց մաքրման աշխատանքներն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Արարատ Քոչարյանը, մայիսի 27-ի դրությամբ՝ ծառերից, արմատներից եւ բուսական այլ համակեցություններից Նորատուսի հատվածում մաքրվել է 43, Ծովակում` 50 հեկտար անտառածածկ տարածք:
«Այս տարի նախատեսված է մաքրել 150 հեկտար անտառածածկ տարածք, որից անցած երեք ամիսների ընթացքում մաքրվել է 93 հեկտարը: Աշխատանքներն ընթանում են ինչպես ջրի մեջ, այնպես էլ ճահիճներում եւ դեռեւս չջրածածկված տարածքներում: Ջրի վրա լողացող տրանսպորտային մաքրող երկու միջոցներին պատրաստվում ենք ավելացնել երրորդը: Ճահիճներում կամ ցամաքի վրա աշխատում են 2 արմատահան բուլդոզեր, 2 էքսկավատոր եւ արմատահան կոճղերն ու բուսական մնացորդները տեղափոխող 4 բեռնատար մեքենաներ: Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ այս տարվա վերջը, բայց, կարծում եմ, եղած տեխնիկական միջոցներով ու աշխատուժով կկարողանանք սահմանված ժամկետից ավելի շուտ ավարտել աշխատանքները»,- նշեց Արարատ Քոչարյանը:
Մաքրման աշխատանքներում ձեռնարկությունը ներդրել է այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնք ճարտարագիտական նորարարության մտահղացման արդյունք են` լիովին հարմարեցված նման բարդ տեղանքում աշխատելու համար: Թե՛ բուլդոզերին ամրացված երկաթյա հաստ ատամնաշարը, որը հողի խորքերից ամբողջությամբ հանում է արմատները, թե՛ ջրի մեջ աշխատող լողացող տրանսպորտային միջոցը, որը արմատահան է անում լճում մնացած կոճղերն ու արմատները, թե՛ արմատախիլ հարված կոճղերը բեռնող տեխնիկաները ներդրված են են «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ միջոցներով եւ հստակորեն են լուծու մ ջրածածկված կամ ջրածածկման վտանգի տակ գտնվող անտառապատ տարածքներից մաքրման աշխատանքների խնդիրները: «Աշխատանքներն առավել բարդ են ջրի մեջ ու ճահիճներում: Եթե չհնարեինք ու չկիրառեինք արմատահան անող, բեռնող, անհրաժեշտ այլ գործողություններ կատարող սարքերը, դժվար թե կարողանայինք այսքան սեղմ ժամկետներում նման ծավալի մաքրման աշխատանքներ իրականացնել: Հուսով եմ, որ հատուկ այս տեխնիկան գործին հարկավոր կլինեն ու իրենց բուն նպատակին կծառայեն մինչեւ մաքրման աշխատանքների ավարտը»,- ընդգծեց Արարատ Քոչարյանը:
Մաքրման աշխատանքների դինամիկան եւ որակը բարձր գնահատեց ՀՀ բնապահպանության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի բյուջետային ծրագրերի իրականացման բաժնի պետ Գրիշա Բաղդասարյանը: