Ֆրանսիայի քրիստոնյաների ուխտատեղի Լիզյոյում անցկացվել է Հայկական մշակութային օր
SocietyՖրանսիայում ՀՀ դեսպանությունը Հայ կաթողիկե եկեղեցու և Ֆրանսահայ կազմակերպությունների հետ Ֆրանսիայի քրիստոնյաների կարևորագույն ուխտատեղի Լիզյոյում անցկացրել է հայկական մշակութային միջոցառումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումներն անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի շրջանակներում:
Հոգեգալստյան տոնի առիթով ողջ Ֆրանսիայից ժամանած հազարավոր հավատավորներով լեցուն Լիզյոյի Սբ Թերեզա տաճարում Լիզյոյի եպիսկոպոս Ժան-Կլոդ Բուլանժեն մատուցել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագ` ֆրանսահայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի նախագահությամբ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Ֆլորանս Մոտտի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այնուհետև հոգևոր համալիրի ցուցադրությունների սրահում կայացել է «Խաչքարների արվեստը» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը՝ դեսպան Չիտեչյանի և Լիզյոյի տաճարական համալիրի ռեկտոր Օլիվյե Ռուֆֆրեյի գլխավորությամբ: Ֆրանսահայ անվանի հայագետ-մշակութաբան Պատրիկ Դոնաբեդյանը հյուրերին ներկայացրել է հայկական խաչքարագործության պատմությունը և յուրահատկությունները:
Նույն օրը երեկոյան տաճարական համալիրի կոնֆերանսների սրահում Պատրիկ Դոնաբեդյանի նախագահությամբ անցկացվել է հայոց միջնադարյան մշակույթին և հայոց պատմությանը նվիրված կոնֆերանս։