Երբ հարցը հասնում է ծայրահեղության, հասարակությունը համախմբվում է. Վ.Շուշանյան
SocietyԱյսօր Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Սիսիանում, Արտաշատում եւ մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցավ բողոքի ակցիա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ,- հայտնում է Orer.am-ը: Հազարավոր մարդիկ հավաքվելով մեկ խնդրի շուրջ, իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում գերշահույթով աշխատող, սակայն չգիտես ինչու, իբր թե սնանկ վիճակում հայտնված ՀԷՑ-ի դեմ:
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը 40-53 տոկոսով բաձրացնելու համար: ՀԷՑ-ն առաջարկում է 1 կՎտ-ի սակագինը բարձրացնել մինչեւ 58 եւ 48 դրամ գիշերվա և ցերեկվա համար: Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը:
Նշենք, որ հարցի շուրջ հավաքված հանրությունը տրամադրված էր լուրջ եւ նպատակային: ՀՀ քաղաքացիներին էին միացել նաեւ ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները, «Հիմնադիր խորհրդարանի» անդամները եւ Նաիրիտցիները, որոնք կառավարության շենքի մոտից երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
Ազատության հրապարակում «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե. «Երբ հարցը հասնում է ծայրահեղության, հասարակությունը համախմբվում է»:
Դե, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանն էլ նշեց. «Էլեկտրաէներգիայի սակագների հավանական թանկացումը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և առաջացրել է ժողովրդի վրդովմունքը: Ակնհայտ է, որ սոցիալ-տնտեսական ստեղծված իրավիճակում էլեկտրաէներգիայի թանկացումը լուրջ հարված է ազգաբնակչության կենցաղի առանց այն էլ վատ վիճակին: Հավանական թանկացումից հետո բնական է՝ թանկանալու են մի շարք ապրանքատեսակներ, բնամթերքի և էլեկտրաէներգիայի սակագների հետ առնչվող այլ ծառայություններ ու վարձավճարներ»:
Նա նաև հավելեց, որ օրենքի շրջանակներում արվելու է հնարավոր ամեն քայլ՝ ստեղծվելիք իրավիճակը շտկելու և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխելու համար. «Մենք արդեն հանդես ենք եկել գործնական առաջարկներով, որոնք հնարավորություն են ստեղծում կանխել հավանական թանկացումները, մասնավորապես՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն արդեն առաջարկությունների փաթեթով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին»:
Ի դեպ, երևանայան ակցիայի մասնակիցները երթի ժամանակ հայտարարեցին, որ պատրաստվում են անցկացնել ևս մեկ նման հավաք, որը տեղի կունենա հունիսի 19-ին:
Սոսե Չանդոյան