Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը՝ Մայիսի 28-ի տոնի եւ հայաստանյան այսօրվա խնդիրների մասին
InterviewԱյսօր Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, քաղաքներում եւ գյուղերում մեծ շուքով անց է կացվում Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնը:
Տոնի հետ կապված՝ Orer.am-ը զրուցեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանի հետ, ով նախեւառաջ շնորհավորեց հայ ժողովրդին Մայիսի 28-ը.
«Ես շնորհավորում եմ հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա առնչությամբ: Հետաքրքրական է եւ լավ, որ դեռ փոքր հասակից Հայաստանում երեխաները իմանում են իրենց նախնիների պատմությունը: Դա վկայում է այն մասին, որ հայրենիքի համար սխրանք կատարած անձինք չեն մոռացվում, դեռ մի բան էլ ավել՝ նրանց հիշատակն ու անունը միշտ վառ է պահվում»:
Հրեական համայնքի նախագահը նաեւ նշեց, որ հնարավոր չէ կառուցել ապագա՝ մոռանալով անցյալը, ապա իր ուրախությունը հայտնեց այն փաստի հետ կապված, որ հայ ժողովուրդը, չնայած բազում խոչընդոտներին, կարողացավ վերակագնել իր պետականությունը եւ հստակ ու ամուր քայլերով առաջ գնալ.
«Ես շատ ուրախ եմ, որ հայ ժողովուրդը կարողացավ նորից վերականգնել իր անկախությունն ու պետականությունը: Մենք ականատես ենք լինում, որ պետությունը գնալով ծաղկում է եւ ամեն ինչ դեպի լավն է գնում: Կան նոր ծրագրեր, որոնց շրջանակներում գրեթե ողջ աշխարհը պատրաստակամ կլինի օգնել Հայաստանին եւ Հայոց ցեղասպանության ընդունմանը»:
Հայաստանի արտաքին դիվանագիտությունը եւ կատարած քայլերը Ռիմա Վարժապետյանը գնահատեց դրական. «Արտաքին քաղաքական դաշտում վարվող դիվանագիտությանը կարելի է տալ դրական գնահատական, քանի որ ամեն ինչ ընթանում է ճիշտ հունով»:
Դե իսկ նոր քաղաքական խմորումների, ներքաղաքական խմորումների եւ ժողովրդի դժգոհությունների վերաբերյալ էլ Ռ. Վարժապետյանը նշեց. «Ես դրական եմ համարում ներքաղաքական զարգացումները: Ասեմ, որ բավական դրական տենդենց է նկատվում. Հայաստանում ականջալուր են լինում տեղի բնակչության խնդիրներին: Դրա վառ օրինակն է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաքը: Կարծում եմ, որ կառավարության կողմից որոշումը կլինի ի օգուտ ժողովրդի:
Գտնում եմ, որ այսօրվա դրությամբ, երբ ժողովրդի բարեկցությունը հեռու է լավ լինելուց, հոսանքի գինը չպետք է բարձրանա»:
Սոսե Չանդոյան