Վաշինգտոնի և Շտուտգարդի մենապարողները կպարեն հայկական բալետային նոր ներկայացման մեջ
CultureՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բալետային նոր ներկայացում կցուցադրվի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Զույգ արեգակներ» 2 գործողությամբ բալետային ներկայացումը հանրությանը կներկայացվի մայիսի 31-ին, հունիսի 9-ին և 10-ի ն, ժամը 19:00-ին:
Սցենարի և բեմադրության հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, երաժշտությունը՝ 4-րդ դարից 21-րդ դարն ընկած ժամանակահատվածի հայ կոմպոզիտորների: Բալետի անդրանիկ բեմադրությունը տեղի է ունեցել մայիսի 27-ին: «Զույգ արեգակների» առաջին չորս ներկայացումներին գլխավոր դերերում հանդես կգան Վաշինգտոնի և Շտուտգարդի բալետային թատրոնների առաջատար մենապարողները:
Բալետային ներկայացման նպատակն է ամբողջության մեջ մատուցել այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը իր մասնակցությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործում:
Գրիգոր Նարեկացու վերերկրյա խոսքի յուրահատուկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիոն և գունային պլաստիկան, Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությունը կթելադրեն ժամանակակից խորեոգրաֆիկ լեզու՝ Մաշտոցի, Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Աշոտ Արիյանի երաժշտության ուղեկցությամբ:
«Զույգ արեգակներ» բալետային ներկայացումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: «Բալետ 2021» հիմնադրամը 8-ամսյա ժամկետով Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից հրավիրել է ութ արտիստի: