ՀՀԿ պատգամավորը էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման եւ դրա դեմ մղվող պայքարի մասին
InterviewԷլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը պատճառ հանդիսացավ հանրությանը` էլ ավելի պատկերավոր կարծիք կազմել ՀՀ կառավարության, իսկ ավելի կոնկրետ Զախարյանի եւ նրա թիմակիցների գործելաոճի ու ՀԵՑ-ի ցոպ ու շվայտ կյանքի մասին:
Ինչպես պարզ դարձավ հոսանքի թանկացման մասին խոսակցությունները ոչ միայն հանրության լայն շերտերի սրտով չէ, այլ նաեւ կառավարման համակարգում կտնվող մի շարք պաշտոնյաների եւ պատգամավորների: Էլեկտրաէներգիայի թանկացման եւ ստեղծված իրավիճակից հնարավորինս շուտ եւ «անվնաս» դուրս գալու հետ կապված, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ.
«Այս օրերին բոլորը խոսում են հոսանքի թանկացման մասին եւ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում կա գեթ մեկ քաղաքացի, ով կողմ կլինի թանկացումներին: Այլ բան է, որ այս հարցը մենք պետք է բազմիցս քննարկենք, ստանանք հիմնավորումներ, քանի որ որոշումը պետք է կայացվի վերլուծությունների ադյունքում: Իհարկե, բոլորս էլ դեմ ենք թանկացումներին, եւ իհարկե բոլորս էլ կողմ ենք, որ բոլոր այն կառույցներն ու կազմակերպությունները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում գործեն օրենքի դաշտում եւ կարողանան ապահովել այնպիսի մրցակցային գործունեություն, որ դրա արդյունքում եւ’ քաղաքացին չտուժի, եւ’ կազմակերպությունը կարողանա առաջ գնալ»:
Անդրադարձ կատարելով չարաշահումների խնդրին Կարինե Աճեմյանը նկատեց. «Այս դեպքում շատ են խոսակցությունները չարաշահումների մասին, կարծում եմ, որ Ազգային ժողովում այս թեմայով լուրջ քննարկումներ պետք է անցկացնենք: Շատ կուզենամ, որ քննարկումները հիմք դառնան այն վճիռների, որոնք այնուամենայնիվ կաշխատհի հօգուտ հասարակության եւ մեզ բոլորիս»:
Հարցին` եթե այնուամենայնիվ հասարակությունը չհասնի իր նպատակին եւ հոսանքի գինը բարձրանա, արդյո՞ք դա եւս մեկ ուղղորդող քայլ չի լինի դեպի արտագաղթի ճամփա, պատգամավորը պատասխանեց. «Չէի ուզենա խոսել արտագաղթի մասին, բայց կարծում եմ, որ դժգոհություններ իհարկե կլինեն, որովհետեւ մարդկանց սոցիալական վիճակն առանց այդ էլ լավ չէ: Պարզ է, որ շատ կազմակերպություններ կտուժեն եւ չեն կարողանա այլեւս գործունեություն ծավալել: Էլեկտրաէներգիայի թանկացումը եւ’ սովորական քաղաքացու գրպանի համար է վտանգավոր, եւ' առհասարակ կազմակերպությունների»:
Սոսե Չանդոյան