Արջի հարձակումից վիրավորված 66-ամյա տղամարդը նորից վիրահատվել է
SocietyՎայոց ձորի մարզում մայիսի 19-ին արջի հարձակումից վիրավորված 66-ամյա Էդիկ Սաֆարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ին ասաց Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, որի համագյուղացին է վիրավորված տղամարդը:
Գյուղապետը հայտնեց, որ Էդիկ Սաֆարյանին նորից վիրահատել են:
«Մի ձեռքը նախաբազկից կտրած է, մյուսն էլ արջն էր վնասել, հիմա չի կարողանում շարժել: Դեռ հիվանդանոցում է, վերքերն են մշակում: Չգիտենք՝ երբ դուրս կգրվի»,- ասաց Արթուր Ստեփանյանը:
Նշենք, որ վնասվել էր Էդիկ Սաֆարյանի աջ նախաբազուկի նյարդն ու մկանները, որը վիրահատական միջամտությամբ վերականգնվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. մայիսի 19-ին արջը հարձակվել էր Վայոց ձորի Քարագլուխ համայնքի բնակիչ, հաշմանդամություն ունեցող 66-ամյա Էդիկ Սաֆարյանի վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել: Տղամարդը տեղափոխվել էր «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, ապա Երեւան: