Բարեգործական ակցիա. Հավաքվել է 1 մլն 225 հազար դրամ եւ 6900 դոլար
SocietyԵրեւանի Հյուսիսային պողոտայում այսօր՝ մայիսի 31-ին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված, NEWS.amգործակալության կազմակերպած ամենամյա բարեգործական ակցիայի շրջանակներում հավաքվել է 1 մլն 225 հազար դրամ եւ 6900 ԱՄՆ դոլար։
Ակցիային իրենց մասնակցությունն ունեցան քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի աստղեր, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ։ Պաղպաղակի բարեգործական վաճառքին մասնակցել են Գոհար Գասպարյանը, Էրիկ Անթառանյանը, Լուսինե Թովմասյանը, Իրինա Թովմասյանը, Ֆաինա Հարությունյանը, Vitamin-ի Վաչեն, Արման Մարգարյանը, Օլիմպիական բրոզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը։ NEWS.am–ի անձնակազմի հետ միասին պաղպաղակ են վաճառել նաեւ Լուիզա Ներսիսյանը, Նաիրա Մովսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Տեր–Մինասյանը եւ այլ հայտնի անձինք։
Մասնակցեցին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը, պատգամավորներ Արտակ Դավթյանը, Կարինե Աճեմյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Էլինար Վարդանյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Արցախի կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթի գումարը վերջում անձամբ հաշվել է «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, որը մշտապես ակտիվորեն մասնակցում է ամենամյա ակցիային։
Նշենք, որ այս տարվա արդյունքը գերազանցեց նախորդ՝ 2014թ. արդյունքը։ Անցած տարվա հունիսի 1-ին Մանկական երկաթուղում կազմակերպված ակցիայից հետո Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի մասնակցույթյամբ հաշվվել էր ամբողջ գումարը եւ պարզվել էր, որ 7 ժամվա ընթացքում պաղպաղակի և այլ իրերի վաճառքից հավաքվել է 810 հազար դրամ։ Նախորդ երկու տարիների գումարները հատկացվել էին Արցախի Քարվաճառի շրջանի կարիքավոր դպրոցականներին։
Այս տարի գումարն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ», «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի վարչակազմը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին: