Ազգային ժողովի բակում անսովոր իրարանցում էր. երեխաները նշում էին իրենց տոնը
SocietyԱզգային ժողովը հունիսի 1-ին ավանդույթի համաձայն բացել էր այգու դարպասներն ու հյուրընկալել մանուկներին: Խորհրդարանի բանկում թևածում էին մանկական երգչախմբերի ու փոքրիկ կատարողների երգն ու պարը, ամենուր խաղեր էին, ատրակցիոններ, ծաղրածուներ, ակրոբատներ, տիկնիկային ներկայացումներ: Ուրախ գնացքը երեխաներին ման էր տալիս խորհրդարանի այգում: Նրանց համար անվճար հյուրասիր ություն էր կազմակերպված: Երեխաները հնարավորություն ունեին նաև տեսնել էկզոտիկ կենդանիների` օձերի, մողեսների: Ազգային ժողով երեխաները եկել էին ծնողների, տատիկ-պապիկների, իրենց ավագ քույրերի ու եղբայրների հետ: Խորհրդարանի բակում իր թոռնիկների հետ էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Նա շրջեց այգում, իսկ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պետք է ամեն ինչ անել` երեխաների համար լավ ապագա ստեղծելու համար: «Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի նպատակներն ու իրականությունը համարժեք չեն, բայց բոլորս ձգտում ենք մեր երեխաների համար ապահով ապագա ստեղծել, որպեսզի նրանք երջանիկ մանկություն ունենան: Ոչ թե միայն ապավինեն ճակատագրին, այլ հնարավորություններ լինեն, որ մեր մանուկները մեծանալով անընդհատ իրացվեն հասարակության մեջ»,-ասաց Գալուստ Սահակյանը: Երջանիկ երեխաներ ունենալու պայմանները, ըստ ԱԺ նախագահի, ստեղծված են, նրանք կարող են հաճախել մանկապարտեզ, դպրոց, մշակութային հաստատություններ:
Պապիկի ձեռքը բռնած 8-ամյա կրտսեր Գալուստ Սահակյանը նշեց, որ գոհ է անցկացվող տոնակատարությունից և կցանկանար մնալ այգում ու պարել: Փոքրիկ Գալուստը հատկապես տպավորված էր էկզոտիկ կենդանիներից: Ամառային արձակուրդներին Գալուստը հաճախելու է նաև ամառային դպրոց:
10-ամյա Սամվելը կարծում է, որ պետք է երեխաներին միշտ ուրախացնել` անկախ նրանից, երեխաների տոնն է, թե ոչ: «Այս օրը պետք է ծնողները թողնեն, որ երեխաները ազատ զգան, նրանց զբոսանքի տանեն ու նվերներ գնեն»,-ասաց նա: Սամվելը, եթե մեծ լիներ ու կարողանար որոշումներ կայացնել, երեխաների զարգացման համար պայմաններ կստեղծեր, նվերներ կտար մանկատան երեխաներին:
8 տարեկան Մերին էլհամակարծիք է, որ ծնողները պետք է երեխաներին զվարճացնեն, նվերներ գնեն: Իսկ այդպես պետք է լինի միշտ: Մերին իր երեխաներին կբացատրի, որ պետք է խելոք լինեն ու նրանց ամեն օր կզվարճացնի: