Կանադայում ծխախոտի ընկերությունները 12,4 մլրդ դոլար փոխհատուցում կվճարեն ծխողներին
SocietyԿանադայի դատարանը ծխախոտի խոշոր ընկերություններին պարտավորեցրել է 15,5 մլրդ կանադական դոլար (12,4 մլրդ ԱՄՆ-ի դոլար) վճարել երկրի այն քաղաքացիներին, ովքեր հայտարարել են, որ ընկերություններն իրենց չեն նախազգուշացրել ծխելու վնասի մասին:
Ծխողներին հասցված բարոյական վնասի դիմաց ծխախտոի ընկերությունների վճարումը ամենախոշորը կլինի Կանադայի պատմության մեջ:
Imperial Tobacco, Rothmans Benson & Hedges եւ JTI-MacDonald ընկերությունները հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը:
Որպես հայցվորներ են հանդես եկել շուրջ մեկ միլիոն մարդու միավորող երկու խմբեր: Առաջին խումբն ընդգրկում է նրանց, ովքեր ծխելու պատճառով լուրջ հիվանդություններ են ձեռք բերել, երկրորդ խմբում ներառվածները պնդում են, որ իրենք ի վիճակի չեն թողնել ծխելը: Նրանցից շատերը ծխել են սկսել մինչեւ 1976 թվականը, երբ ծխելու վնասի վերաբերյալ տեղեկատվություն չէր տրամադրվում սպառողներին:
Ծխողները դատական գործ էին նախաձեռնել 13 տարի առաջ: 2012 թվականի մարտին դատավարություն էր սկսվել: Սկզբնապես տուժածները որպես վնասի փոխհատուցում պահանջում էին 22 մլրդ ԱՄՆ-ի դոլար, բայց հաղթանակ են համարում նաեւ դատարանի ներկայիս վճիռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: