Մանկական այգում իսկական տոն էր. ուրախություն, երգ ու պար. ահա թե ինչ է պետք մանուկներին
SocietyԵրեկ Մանկական այգում (նախկին Կիրովի անվան այգում) Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ջանքերով կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները` պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, հարյուրավոր երեխաներ եւ, իհարկե, մանուկների կողմից անչափ սիրված մուլտֆիլմերի հերոսներ:
Տիրող տրամադրությունը ջերմ էր ու հաճելի. հավաքված մանուկները զբաղվում էին իրենց հաճելի գործով` նկարում, երգում, խաղում Միկի Մաուսի եւ երկարակնճիթ փղիկի հետ, ուշադիր հետեւում աճպարարի հրաշագործություններին եւ գնացքով զբոսնում այգու տարածքում: Մի խոսքով՝ ամեն ինչ գեղեցիկ էր ու հեքիաթային:
Նկատենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Մանկական այգում էին գտնվում նաեւ արտերկրից ժամանած բազմաթիվ հայրենակիցներ: Օրինակ` Վարթիթեր Ներսիսյանը, ով Ավստրալիայում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի է, արդեն երրորդ անգամ է գալիս Հայաստան, եւ ինչպես ինքը նշեց, բավական դրական տպավորություններով է հեռանալու այստեղից.
«Արդեն երրորդ անգամ եմ գալիս Հայաստան, այստեղ մնալու եմ երեք ամիս: Այսօր այստեղ եմ ու մեծ ոգեւորություն եմ ապրում, քանի որ ինձ դուր է գալիս ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված այս գեղեցիկ միջոցառումը, որը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Ես հպարտ եմ իմ Հայաստանով, իմ երկրի հողն ու ջուրն ինձ համար ուրիշ է, իսկ մանուկների ժպիտները՝ անկրկնելի ու անջնելի: Ես աղոթում եմ Աստծուն, որ Հայաստանում մանուկները միշտ ուրախ լինեն, ես նրանց անհոգ մանկություն եմ մաղթում»:
Իսկ Միրինա Թանաշյանը եկել է Սիրիայից: Նա Հայաստանում բնակվում է արդեն երկուսուկես տարի:
«Շատ ուրախացա, երբ անցնելիս տեսա այս ջերմ մթնոլորտը: Ամեն ինչ գեղեցիկ է կազմակերպված, մարդիկ ուրախ են, դե իսկ երեխաների մասին խոսք չկա՝ նրանց աչքերը պարզապես փայլում են ուրախությունից: Ուզում եմ, որ աշխարհի բոլոր մանուկները ուրախ լինեն: Գիտեք, որ հիմա Սիրիայում պատերազմ է, եւ այդ փլատակների ու ռումբերի պայթյունների տակ են մնում հարյուրավոր երեխաներ, որոնց մեջ կան նաեւ շատ հայ մանուկներ: Ուզում եմ, որ նրանք հնարավորինս շուտ գան Հայաստան: Երբեք չեմ ցանկանա, որ գեթ մեկ մանուկի աչքերից արցունք հոսի. թող որ նրանք միշտ ժպտան, ինչպես այսօր ժպտում ու ուրախանում են այստեղ հավաքված մանուկները»:
Սոսե Չանդոյան