Շիրակի մարզի դիմորդները քննություն հանձնել են 1 քննական կենտրոնում
SocietyՇիրակի մարզի դիմորդները մայիսի 2-ին քննություն հանձնել են 1 քննական կենտրոնում: Գյումրու թիվ 21 դպրոցում տեղակայված կենտրոնում հունիսի 2-ին դիմորդներն, ինչպես ողջ հանարապետությունում, քննություններ հանձնել են 3 առարկայից՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»: Ինչպես տեղեացրեց թիվ 21 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Վահե Իսպիրյանը, կենտրոնն ամբողջովին պատրաստ էր քննության:
Ի դեպ, Գյումրիում «Կենսաբանություն» առարկայի քննությանը հայտ ներկայացրած 151 դիմորդից ներկա է եղել 148-ը, «Աշխարհագրություն» առարկայի քննությանը՝ 22 դիմորդից 21-ը, և «Ընդհանուր պատմություն» առարկայի պարագայում՝15 դիմորդից ՝ 14-ը: Ընդհանուր առմամբ՝ քննական առաջին օրը Գյումրիում քննության չի ներկայացել 5 դիմորդ:
Խոսելով դիմորդների թվի մասին՝ կենտրոնի ղեկավարը նշեց, որ եթե «Կենսաբանություն» առարկայից դիմորդների թիվը 2014թ. համեմատ այս տարի մարզում ավելացել է 9-ով, իսկ «Աշխարհագրություն» առարկայի դիմորդների թիվը մնացել է նույնը, ապա «Ընդհանուր պատմություն» առարկան ընտրողների թիվը 5-ով նվազել է:
Անդրադառնալով քննության կարգի մեջ այս տարի իրականացված փոփոխությանը՝ Վահե Իսպիրյանը տեղեկացրեց հեռախոսների հայտանբերման դեպքում պատժի խստացման մասին: «Եթե անցած տարիներին դիմորդի մոտ հայտնաբերվում էր հեռախոս, ապա դիմորդը զգուշացվում էր, իսկ այս տարի դուրս է հանվում քննությունից: Սա արվում է՝ հաշվի առնելով անցած տարիների փորձը, երբ մեծ թվով դիմորդներ օգտվեցին հեռախոսներից, նույնիսկ եղել են այնպիսի հնարամիտ դիմորդներ, ովքեր հեռախոսների վրա տեղադրել էին ինքնաշեն ռադիոկայաններ: Դեպքերը հաշվի առնելով՝ այս տարի կարգ ի մեջ այս խստացումն է արվել: Դեպքեր են եղել նաև, երբ քննասենյակում տեղադրված խլացուցիչները նոր սերնդի հեռախոսների վրա չեն ազդել»,- ավելացրեց կենտրոնի ղեկավարը:
Արմենուհի Մխոյան