Մինչեւ 2030 թվականն աշխարհում անհրաժեշտ Է ստեղծել 600 միլիոնից ավելի աշխատատեղ. ԱՄԿ
SocietyՄինչեւ 2030 թվականն աշխարհում անհրաժեշտ Է ստեղծել 600 միլիոնից ավելի աշխատատեղ: Այս մասին ասված Է զեկույցում, որը Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր խորհրդաժողովի 104-րդ նստաշրջանում ներկայացրել Է նրա ղեկավար Հայ Ռայդերը:
Պայմանավորված ժողովրդագրական միտումներով՝ ամեն տարի աշխատաշուկան համալրում Է 40 մլն մարդ, իսկ դա նշանակում Է, որ մինչեւ 2030 թվականը «գլոբալ տնտեսության մեջ անհրաժեշտ կլինի ստեղծել 600 մլն աշխատատեղ», ասված Է Ռայդերի «Աշխատանքի ոլորտի ապագային վերաբերող հարյուրամակի նախաձեռնություն» զեկույցում:
Ռայդերը կարծում Է, որ ամենայն հավանականությամբ այդ տեղերը կստեղծվեն ծառայությունների ոլորտում, որին այսօր բաժին Է ընկնում աշխարհում բոլոր զբաղված անձանց 49 տոկոսը: Ինչպես պարզ Է դառնում զեկույցից, գյուղատնտեսության մեջ աշխատում Է զբաղվածների 29 տոկոսը, արդյունաբերության մեջ՝ 22 տոկոսը:
Ռայդերը նշում Է, որ 65-ից բարձր տարիքի բնակչության բաժինը մինչեւ 2040 թվականը ներկայիս 8 տոկոսից կավելանա մինչեւ 14 տոկոս, եւ անհրաժեշտ կլինի «աջակցել աշխարհում աճող թվով տարեց մարդկանց»:
Գործազրկությունն աշխարհում գերազանցել Է 200 միլիոնի նշագիծը, նշվում Է փաստաթղթում: Այժմ գործազուրկների թիվը 30 միլիոնով ավելի Է, քան մինչեւ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԱՄԿ-ի գլխավոր խորհրդաժողովի նստաշրջանին մասնակցում են այդ կազմակերպության 185 անդամ երկրների կառավարությունների, արհմիությունների եւ գործատուների պատվիրակությունները, ընդամենը շուրջ 4 հազար պատվիրակներ: Մինչեւ հունիսի 13-ը նրանք կքննարկեն զբաղվածության ընդլայնման, աշխատաշուկայի զարգացման, սոցիալական գործընկերության առաջշարժման ուղիները: