Վեբ ուղղվածությամբ ամառային դպրոցը պատանիներին կծանոթացնի գրաֆիկական դիզայնի հմտություններին
SocietyՀայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում են Ամառային Web դիզայն դպրոցը` 13-18 տարեկանների համար: Ինչպես տեղեկացրին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնից, վեբ ուղղվածությամբ ամառային դպրոցը հնարավորություն կտա սովորել բազային վեբ ծրագրավորում և գրաֆիկական դիզայն:
Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբ-կայք գաղափարի մշակման վրա: Ծրագրի ընթացքում շեշտը կդրվի գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի և դիզայնի վրա, մասնակիցները կզարգացնեն իրենց մարքեթինգի, գաղափարի զարգացման, ռազմավարության գիտելիքները և ներկայացուցչական հմտությունները: Վերջին և առանցքային քայլը կլինի HTML և CSS գործիքների միջոցով մրցունակ վեբ-կայքի կոդավորումը և կառուցումը:
Ամառային դպրոցի ծրագրի բաղկացուցիչ մասերն են՝ Web ծրագրավորում, գրաֆիկա և դիզայն, կարողությունների զարգացում, փորձի փոխանակման սեմինարներ և ժամանց:
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի դերն է կողմնորոշել և ուղղորդել ծրագրի մասնակիցներին ՏՏ ոլորտում մասնագիտության ընտրության հարցում` մասնավորապես վեբ տեխնոլոգիաների ոլորտում: Հիմնական թիրախային խումբը 13-18 տարեկաններն են, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ և դիզայնով:
Դասերը կանցկացվեն հայերենով, աշխատանքային օրերին ժամը 12:00-15:15-ն, հունիսի 15-ից մինչև հուլիսի 18-ը: Հանդիպումները կանցկացվեն Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի լսարաններում: Դասընթացների ավարտին մասնակիցները կստանան վկայականներ և վեբ ծրագրավորմանն առնչվող գրքեր: