ՀՅԴ-ն առաջարկում է մեծացնել ԱԺ գազի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը
SocietyՀՅԴ խմբակցությունն առաջարկում է մեծացնել ԱԺ գազի ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունավետությունը: Խմբակցությունը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկում է հանձնարարել գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա քննարկումներ սկսել պատկան մարմինների հետ:
ՀՅԴ-ն շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի լայնածավալ աշխատանքը վերածել գործադրվող քաղաքականության՝ մեծացնելով կատարվող աշխատանքի արդյունավետությունը:
Նախագծով առաջարկվում է հանձնարարել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին իրականացնել եզրակացությամբ արված առաջարկությունների քննարկում ՀՀ կառավարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանում գազամատկարարման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ եւ առաջարկությունների կատարման արդյունքների մասին մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ ներկայացնել եզրակացություն:
Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ կարեւորագույն խնդիր է ՀՀ գազամատակարարաման համակարգի պոտենցիալի ամբողջական իրացման եւ համակարգի զարգացման վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների մշակումն ու գործադրումը՝ նպատակ ունենալով բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, հանրության, տնտեսական միավորների եւ պետության համար հուսալի, վստահելի եւ առավել մատչելի դարձնել մատուցվող ծառայությունները, խթանել տեխնոլոգիական նորարարությունները եւ էներգախնայողությունը, ընդլայնել գազամատակարարման համակարգի ծառայություններից օգտվողների շրջանակը եւ գազասպառման ծավալները, նպաստել երկրի կայուն զարգացմանը:
ՀՀ-ում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեության ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարել՝ ուսումնասիրելով շուրջ 10 հազար փաստաթուղթ: Հանձնաժողովը գործունեության ընթացքում ուսումնասիրել է գազի սակագնի ձևավորման օրինականությունը, ջերմատվության նորմատիվության օրինականության պահպանումը, ինչպես նաև մատակարարման հաշվիչների ստուգաչափման օրինականությունը: 2015թ. ապրիլին Ազգային ժողովում հանձնաժողովի եզրակացությունը պատգամավորներին է ներկայացրել հանձնաժողովի նա խագահ Վարդան Այվազյանը: