ՊՆ հանձնաժողովը հաստատել է մի խումբ անձանց երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները
SocietyՀՀ ՊՆ վարչական համալիրում hունիսի 3-ին տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցել են Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական այլ կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, խնդրահարույց հարցերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները: