Արցախի Մարտունու շրջվարչակազմի ղեկավար է նշանակվել Կարեն Թովմասյանը
SocietyԱրցախի Հանրապետության կառավարության հունիսի 3-ի որոշմամբ՝ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն: Կառավարության մեկ այլ որոշմամբ` Մարտունու շրջվարչակազմի ղեկավար է նշանակվել Կարեն Թովմասյանը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակիցներին և համայնքապետերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին:
Նա ընդգծել է Կարեն Թովմասյանի փորձառությունն ու բանիմացությունը և հավաստիացրել, որ կառավարությունը հնարավորինս աջակցելու է վարչակազմին` համատեղ ջանքերով լուծելու շրջանի առջև ծառացած հիմնախնդիրները: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նելսոն Սողոմոնյանին` շուրջ 4 տարվա աշխատանքի համար և հույս հայտնել, որ նրա առողջական վիճակը թույլատրելու է այսուհետ ևս աջակցել շրջանի զարգացման գործին:
Մարտունու շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Թովմասյանը, պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհակալություն հայտնելով ներկաներին, վստահեցրել է, որ իր աշխատանքով արդարացնելու է իշխանությունների և շրջանի բնակչության սպասելիքները: