Կարկտահարության վնասներից ապահովագրվելու համար ՀՀ-ում կարտադրվեն ցանցային տեխնոլոգիաներ
SocietyԳարնան ամիսներին հանրապետությունում տեղացած կարկուտի հետևանքով հիմնականում տուժել են բազմամյա տնկարկները, պտաղտու ծառատեսակները` հիմնականում ծիրանենին, և խաղողի այգիները: Մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, ճշտվում են վնասների չափերը:
Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարՍերգո Կարապետյանը:
«Կարկուտը տեղացել է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում: Մեր երկրում կարկտահարության հավանականությունը մեծ է ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում` պայմանավորված մեր աշխարահագրական դիրքով: Յուրաքանչյուր տարի հակակարկտային կայանների տեղադրման ծավալներն ավելացնում ենք, անցած տարի տեղադրվել է ութսուն կայան, այս տարի արդեն իսկ տեղադրվել է ութը»,- ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով` հակակարկտային կայանների արդյունավետությունը կազմում է 60-80 տոկոս, իսկ աշխարհում արդեն օգտագործում են հիմնականում ցանցային եղանակով պաշտպանության տեխնոլոգիաներ: «էջմիածնի տարածաշրջանում ծիրանի այգիների վրա արդեն ունենք նման տեխնոոգիաների ներդրման փորձ: Այդ ուղղությամբ արդեն լուրջ աշխատանքներ են տարվում, քանի որ դրանց արդյունավետությունը 100 տոկոս է: Համապատասխան աշխատանքներ են տարվում նաև Հայաստանում ցանցային տեխնոլոգիաների արտադրություն իրականացնելու ուղղությամբ, քանի որ դրանք մեզ համար այսօր առաջնային նշանակություն ունեն: Ակնկալվում է, որ արդեն հաջորդ տարվանից արտադրությունը կսկսվի»,- ընդգծեց ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում զարգացումներին` Սերգո Կարապետյանը նշեց, որ այս տարվա հունվար-ապրիլին ոլորտում աճը կազմել է 4,8 տոկոս: Նախարարը համոզմունք հայտնեց, որ մինչև տարեվերջ կարձանագրվի դինամիկ աճ: Տարին բարենպաստ է գյուղատնտեսսւթյան համար, իսկ ջրամբարների լցվածությունը բավականին բարձր է:
Խոսելով ջերմոցային տնտեսությունների մասին` նախարարը տեղեկացրեց, որ ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցների թիվն այս տարի հանրապետությունում կավելանա 50-60 հեկտարով: «Նոր ջերմոցների շահագործման արդյունքում ներկրված որևէ տեսակի բանջերեղեն շուկաներում չկա, բոլորը տեղական են: Միաժամանակ մթերումների առումով խնդիրներ չենք ունենալու, բոլոր կազմակերպությունները պատրաստակամ են բոլոր գյուղատնտեսական մթերքներն ընդունել և վերամշակել: Կառավարությունն իր հերթին ևս պատրաստ է վերամշակողներին ցուցաբերել անհրաժեշտ որոշակի օգնություն» ;,- ավելացրեց նախարարը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում տեղադրված է 412 հակակակարկտային կայան, սակայն դրանց ընդհանուր պահանջարկը 5000-ից ավելի է: Առաջնային կերպով անհրաժեշտ է, որպեսզի մոտ ժամանակներս տեղադրվի առնվազն 1000 կայան:
Արձագանքելով այս ելույթին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց հաշվարկել, թե առաջնային նշանակություն ունեցող կայանների տեղադրման համար որքան միջոցներ են անհրաժեշտ: