ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարողականը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում
SocietyԱզգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովը դրական եզրակացությամբ ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգկրեց ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվությունը:2014թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության հաստատմանը կողմ քվեարկեց 4, դեմ՝ 1 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը մանրամասն քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, և հիմա ժամանակն է, որ հանձնաժողովները ամփոփեն արդյունքները և հաստատեն կատարողականը: «Ես պետք է նշեմ, որ այս տարվա քննարկումները մի շարք առանձնահատկություններ ունեին: Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել այն հանգամանքը, որ այս քննարկումների արդյունքում բազմիցս խոսվեց ծրագրային բյուջետավորման մասին, որին մենք պատրաստվում ենք անցնել 2018թ.: Գործադիրի անդամները մի քանի ելույթներ ունեցան, որոնցում հանգամանալից ներկայացրեցին, թե ինչ է իրենից ներկայացնում ծրագրային բյուջետավորումը: Ողջունելի է, որ դրան անդրադարձան նաև պատգամավորները, քանի որ շատ կարևոր է, որպեսզի նրանք գիտելիքներ ունենան ծրագրային բյուջետավորման վերաբերյալ, իսկ նման քննարկումները դրան նպաստում են»,- նշեց Մինասյանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարողական հաշվետության քննարկումների ընթացքում երկրորդ առանձնահատկությունն էլ այն էր, որ դրանց ընթացքում պատգամավորների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք այսօր հանրության շրջանում մեծ հնչեղություն ունեն: «Իհարկե, նման քննարկումների ընթացքում, երբ ներկա են պատգամավորներ և գործադիրի անդամներ, դժվար է խուսափել նման իրավիճակից, և, բնականաբար, նման հարցադրումներ պետք է հնչեին: Սակայն ես այն կարծիքին եմ, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել բյուջեի կատարողականի հաշվետվության վրա, բացահայտել, թե ինչ խնդիրներ կան, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել դրանցից»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ դրական է գնահատում քննարկումների ընթացքը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, որ ինքը դեմ է քվեարկելու, քանի որ 2014թ. պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները չեն ապահովվել: