Ադրբեջանը միշտ էլ երազել է Թուրքիային միջնորդ տեսնել, բայց հայկական կողմը դեմ է դրան. ԱԳ փոխնախարար
SocietyՀայկական կողմը դեմ է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հանդես գա որպես միջնորդ: Հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ այս դիրքորոշումը վերահաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով հարցին, որ ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը Հայաստանում փոխանցեց Ադրբեջանի ցանկությունը Մինսկի խմբի համանախագահների կազմն ընդլայնել ու դրանում ներգրավել Թուրքիային ու Գերմանիային, Շավարշ Քոչարյանը նշեց. «Դա միշտ էլ եղել է Ադրբեջանի երազանքը: Այդ երկրի խնդիրը ոչ թե Գերմանիան է, իրական նպատակը Թուրքիան է, որը միանշանակ նույնական է Ադրբեջանին: Թվյալ պարագայում Գերմանիային առաջ են տանում մի նպատակի հասնելու համար, որ Թուրքիան լինի միջնորդ: Բնական է հայկական կողմերը դրան դեմ են»: Շավարշ Քոչարյանը նաև հավելեց, որ ԵԱՀԿ նախագահը փոխանցում է Ադրբեջանի առաջարկը, բայց հայկական կողմն ունի իր դիրքորոշումը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արատքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին ՀՀ արտոգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրեն առաջարկ էր ներկայացրել Մինսկի խմբի համանախագահող երկրների թիվն ընդլայնելու մասին: Դաչիչն, ընդգծելով, որ առաջարկը նոր չէ և որ ՀՀ արտաքին գործերի նախարարը ծանոթ է դրան, նշեց, որ այս հարցի շուրջ անհրաժեշտ է բոլոր ներգրավված կողմերի համաձայնությունը: ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է նաև, որ այդ հարցում դեռևս կոնսենսունս չի տեսնում: