134 հազար դոլարը հափշտակել, իսկ բնակարանը վերավաճառել էին
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը նախաքննություն է իրականացնում նորակառույց շենքում բնակարան տրամադրելու պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2015 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է քաղաքացու լիազորված անձ Տ. Խուրշուդյանի դիմումն առ այն, որ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության և իր վստահորդի միջև 2009 թվականի հուլիսի 17-ին կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրեր և կազմվել ստացական։ Ըստ այդմ՝ 2 բնակարան ձեռք բերելու դիմաց ընկերությանը վճարվել է 110 մլն 911 հազար 449 ՀՀ դրամին համարժեք 303 հազար 360 ԱՄՆ դոլար։
Մասնավորապես՝ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ա. Հովհաննիսյանի, պարտավորվել է Սայաթ-Նովա փողոցին հարող հատվածում կառուցվող բազմաբնակարան նորակառույց շենքի շինարարարական աշխատանքների ավարտից հետո, որպես սեփականություն, քաղաքացուն հանձնել թիվ 19 և թիվ 36 բնակարանները, ինչը սակայն տեղի չի ունեցել։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ շինարարության ավարտից հետո ընկերությունը քաղաքացուն է հանձնել միայն թիվ 19 բնակարանը, իսկ 49 մլն 50 հազար 237 ՀՀ դրամին համարժեք 134 հազար 160 ԱՄՆ դոլար արժողությամբ թիվ 36 բնակարանը չի հանձնել: Ավելին՝ 2014 թվականի ապրիլի 16-ին բնակարանը վաճառվել է այլ անձի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2015 թվականի հունիսի 1-ին քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ շարունակվում են ձեռնարկվել քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու համար գործարքի բոլոր հանգամանքները։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: