Ցեղասպանության տարելիցն ավելին է, քան խորհրդանշական մի պահ. ռումինահայ մտավորական
SocietyՎարդան Մարթայանը պատկանում է ռումինահայ մտավորականության նոր սերնդին: Նա մաս է կազմում «Ararat» պարբերականի խմբագրակազմի, ուր հաճախ հանդես է գալիս հայկական հարցի, Լեռնային Ղարաբաղի եւ ազգային կյանքի այլ հրատապ թեմաներով վերլուծականներով: Ստորև ներկայացվում է նրա հերթական խմբագրականներից մեկը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է շատ ու շատ ավելին լինի, քան պարզ խորհրդանշական մի պահ: Այն ոչ միայն ցույց է տալիս, որ ցեղասպան ծրագիրը չի հասել նպատակին՝ մենք եղել ենք, կանք եւ կլինենք, այլ նաեւ մեր առջեւ ծառացնում է մի շարք նոր մարտահրավերներ եւ պատասխանատվություններ: Նորանկախ Հայաստանը` Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որն իր արժանի տեղն է զբաղեցրել աշխարհի պետությունների շարքում, անգնահատելի խթան հանդիսացավ մի կողմից Հայ դատին աջակցելու, մյուս կողմից սփյուռքի վերակենդանացման եւ վերաաշխուժացման համար: Պետք է ինքներ ս մեզ եւ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ միասնական եւ միացյալ ազգ ենք` իրական ինքնագիտակցությամբ, որ կարող ենք գործել մի մարդու պես: Սփյուռքը պետք է ապացուցի, որ իրենից չի ներկայացնում միայն արդարություն պահանջող ցիրուցան ձայների մի հարթակ, այլ աջակցում է Հայաստանին եւ ներգրավված է համայն հայության ընդհանուր հայրենիքի ամրապնդման գործում:
Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ սփյուռքի ոչ անտեսելի հատվածի համար միջազգային հանրությունից պահանջվող զուտ բարոյական եւ խորհրդանշական արդարությունն ավելի կարեւոր է, քան այն երկրի ապագան, որտեղից որ սերել ենք: Որպես ազգ՝ մեզ համար այսպիսի մոտեցումը չի կարող այլ բան լինել, քան ինքնասպանություն: Անկախ նրանից՝ մարդկությունը կճանաչի, թե ոչ՝ Ցեղասպանության հարյուրամյակը խորհրդանշական եւ զգացական վերալիցքավորման ամենաուժգին պահն է ցույց տալու, որ մենք` հայերս, չենք խնդրում եւ կախված չենք միայն աշխարհի կառավարությունների բարեհաճությունից, որ ոչ միայն աշխարհով մեկ ցրված առեւտրականների ազգ ենք, այլ իրական քաղաքական ազգ, որը երկիր է պահում եւ պաշտպանում»: