«Հրապարակ». «Էշ, մի սատկի, գարուն կգա». կառավարությունը գերազանց սերտել է հայկական արտահայտությունը
Հայկական «էշ, մի սատկի, գարուն կգա» արտահայտությունը գերազանց սերտած կառավարությունը երեկ կրկին «խաբեց-ճամփեց» «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին։ Մարդիկ վաղուցվանից արդեն չեն հավատում՝ իրենց աշխատավարձերը կստանա՞ն, կամ իրենց խնդիրներին լուծում կտրվի՞։ Գրում է «Հրապարակ»-ը:
«Նաիրիտի» աշխատակիցներին փորձեց հանգստացնել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սակայն նաիրիտցիները չցանկացան խոսել նրա հետ եւ պահանջեցին Հովիկ Աբրահամյանի ներկայությունը։ «Խաբեբա, հեռացիր»,- գոռում էին մարդիկ։ Այնուամենայնիվ, Երվանդ Զախարյանը խոստացավ մինչեւ սեպտեմբերի 15-ը լուծել նաիրիտցիների խնդիրները։ Ակցիայի կազմակերպիչ, գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանը խնդրեց իր կոլեգաներին մի քիչ էլ սպասել. «Մինչեւ ամսի 15-ը խոստացան մեր խնդիրներին լուծում տալ։ Ամսի 15-ը սարերի հետեւում չէ, 10 օր է մնացել։ 4 տարի եթե դիմացել ենք, 10 օր էլ կդիմանանք»։ Դրսում կանգնած մոտ 200 աշխատակիցները միահամուռ «ուուուու՜»-ներով արտահայտեցին իրենց դժգոհությունը։ Բայց դե, ճարնե՞րն ինչ, հայ-հարայ էր՝ պատրաստվում էին ցրվել, մեկ էլ թատերաբեմում հայտնվեց ՀՀԿ-ի տատիկը եւ պահանջեց մարդկանց «հանգստանալ»։
«Հանգստացե՜ք, հերիք ա, հանգստացե՜ք»՝ ողբագին գոռում էր տատիկը, սակայն նրա խոսքից մարդիկ էլ ավելի «գրգռվեցին»՝ հանգստանալու փոխարեն։ «Մայրիկ ջա՛ն, դու նաիրիտցի չես, մեր հետ գործ չունես»,- բարձրախոսով ասաց Հրաչ Թադեւոսյանը։ Նաիրիտցիները կգնային նաեւ նախագահի նստավայր, սակայն նախագահը երկրում չէ՝ Ուելսում է։ Հրաչ Թադեւոսյանը հայտարարեց. «Մարդիկ կան՝ առաջարկում են Հանրապետության հրապարակի կենտրոնով մտնենք, մարդիկ կան՝ որեւէ կուսակցությունից արդեն հանձնարարությունը ստացած եկել են, ուզում են մեր ուժերին, մեր միամիտներին օգտագործեն։ Ես խնդրում եմ՝ ոչ մեկին մի՛ ենթարկվեք։ Ես, որպես միտինգի կազմակերպիչ, խնդրում եմ անօրինական ոչ մի քայլի չգնալ»։ Պատրաստվում էի ուշադիր զննել մարդկանց, կուսակցական դեմքեր փնտրել, «քաղաքականացնել» ակցիան, մեկ էլ ամբոխի մեջ տեսա «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին, ով բարձրախոսը ձեռքին եկել էր «սատար կանգնելու հայ աշխատավորին», սակայն շատերը նրան ճիշտ չհասկացան։ «Գրող ու ցավ ա անում փչացածը։ Ինքը նաիրիտցի չի։ «Իմեննը» նրա կարծիքը մեզ չի հուզում, միգուցե ուրիշի կարծիքը հուզեր»,- ասաց մի կին եւ քաշքշեց լրագրողներին, որպեսզի իրենց ակցիան «լրջությունից չքցեն», չխոսեցնեն, առավել եւս չնկարահանեն Անի Զախարյանին։ Անի Զախարյանն էլ գնաց-եկավ՝ բարձրախոսը միացրեց եւ հայտարարեց, որ «Նաիրիտի» աշխատակիցներից մեկն է իրեն հրավիրել այստեղ։
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: