Պոլիտեխնիկը վերջին տարվա ընթացքում բոլոր ուղղություններով առաջընթաց է արձանագրել
SocietyՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը կարծում է, որ բուհը վերջին մեկ տարվա ընթացքում առաջընթաց է գրանցել բոլոր հնարավոր ուղղություններով: Այս մասին հունիսի 6-ին, ամփոփելով 2014 թվականի ապրիլից 2015-ն ընկած ժամանակահատվածում կառտրաված աշխատանքները, տեղեկացրեց Թոքմաջյանը:
«Մեկ տարի առաջ՝ 2014 թվականին, ստանձնելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի լիազորությունները, հստակ գիտակցում էի, որ վերջին տարիներին համալսարանում տեղ գտած ոչ հարիր պայմանների դեպքում անհրաժեշտ է ապահովել համալսարանի գործունեությունը: Պոլիտեխնիկը, հենվելով իր պրոֆեսորադասախոսական հզոր ուժի վրա, առաջընթաց է գրանցել բոլոր ուղղություններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննես Թոքմաջյանը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ մեկ տարվա արդյունքներն իրենք հրատարակել և ներկայացնում են հանրությանն առանձին ժողովածուով:
«Համալսարանի համար գլխավոր մարտահրավերը կրթության որակի բարձրացման խնդիրն է: Այս ուղղությամբ մենք արդեն կատարել ենք մի շարք քայլեր, օրինակ՝ օնլայն ռեժիմով քննությունների անցկացումը: Հատուկ լսարանում օնլայն ռեժիմով անցկացվող քննություններին կարող են հետևել բոլորը, այսպիսի մոտեցումն ապահովում է ստուգարքների թափանցիկ անցկացումը և նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց նա:
Որպես ձեռքբերումներ՝ Թոքմաջյանը նշեց այն, որ բուհում ավելացել է ուսանողների թիվն այն պարագայում, որ հանրապետությունում դիմորդների թիվը նվազել է: 2014-15 ուսումնական տարում կտրուկ ավելացել է նաև Պոլիտեխնիկի ավագ դպրոցների աշակերտների թիվը: «Պոլիտեխնիկը ստացել է ՀՀ ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով, ինչպես նաև որակի կառավարման ISO 9001:2008 միջազգային ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ»,- ընդգծեց Թոքմաջյանը: Նրա խոսքով՝ մշակվել են նաև նոր ուսումնական պլաններ, կնքվել համագործակցության պայմանագրեր:
Համալսարանում բացվել է նաև նոր՝ «Դիզայն» ֆակուլտետ, ավելացել են դասագրքերի տպագրության ծավալները:
Թոքմաջյանը դժգոհեց, որ ԶԼՄ-ներով հաճախակի են եղել զրպարտական հրապարակումները, իբրև թե Պոլիտեխնիկում կրքերը չեն հանդարտվում: «Արմատախիլ պետք է արվի զրպարտությունը»,- շեշտեց նա: