Վանում քրդական կուսակցության հանրահավաքից առաջ անվտանգության լայնածավալ միջոցներ են ձեռնարկվել
SocietyԴիարբեքիրում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հանրահավաքի ժամանակ որոտացած երկու պայթյունից հետո Վանում կուսակցության հանրահավաքից առաջ անվտանգության լայնածավալ միջոցներ են ձեռնարկվում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Վանում նախատեսված հանրահավաքի տարածքում հատուկ պաշտպանիչ պատ է տեղադրվել: Ոստիկանությունը գիշերվանից հերթապահություն է սահմանել, որպեսզի բացառի որևէ պայթուցիկի տեղադրումն այդ տարածքում: Հնարավոր ռիսկային դեպքերից խուսափելու համար հանրահավաքի տարածքից հեռացվել են անգամ աղբամանները:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Դիարբեքիրում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից կազմակերպված մեծ հանրահավաքի ժամանակ 5 րոպե ընդմիջումով երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 3, վիրավորվել շուրջ 300 մարդ: Կատարվածի պատճառները հայտնաբերելու համար տարվում է հետաքննություն: Շատերը տեղի ունեցածը որակել են որպես սադրանք: