«Ազգային պատկերասրահ» միջազգային 11-րդ փառատոնի շրջանակում կկայանա 5 համերգ
CultureՀայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 18-ից հուլիսի 4-ը կանցկացվի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը: Այն կազմակերպում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ինչպես տեղեկացրին փառատոնի կազմակերպ իչները, հունիսի 18-ին պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը: Ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյան:
Հունիսի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի երկրորդ համերգը: Երաժշտության համաշխարհային օրվան նվիրված ծրագրով հանդես կգան ճանաչված երաժիշտներ Գայանե Գեղամյանը (սոպրանո) և Սեդրակ Երկանյանը (դաշնամուր): Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում կներկայացվեն ֆրանսիացի և իսպանացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Հունիսի 24-ին տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ընթացքում հայ արվեստասեր ունկնդրին տարբեր ստեղծագործություններ կներկայացնեն միջազգային մրցույթի դափնեկիրներ Հասմիկ Վարդանյանը (թավջութակ) և Նարա Ավետիսյանը (դաշնամուր, ԱՄՆ):
Հունիսի 27-ին «Ազգային պատկերասրահ» փառատոնի չորրորդ համերգին տեղի կունենա գործիքային երաժշտության երեկո: Հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բայանահար Իոսիֆ Պուրիցը (Ռուսաստանի Դաշնություն):
Հուլիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը: «Օպերային արվեստի գոհարներ» խորագրով համերգային ծրագիրը կներկայացնեն տաղանդաշատ հայազգի երաժիշտներ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Արմեն Աղաջանյանը (դաշնամուր): Ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների հատընտիր ստեղծագործություններ:
Հայաստանի ազգային պատկերասրահում 2005-ից իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնն սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար: 2008-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: Փառատոնի հիմնադիրներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը և տնօրեն Գարիկ Նազարյանը: