Խախտում նկատելու դեպքում հարկավոր է արագ ահազանգել
SocietyOrer.am-ի հետ զրույցի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության անդամ Գևորգ Պողոսյանը, խոսելով տեսչական բարեփոխումների համակարգում տեղի ունեցող փոփոխությունների եւ առաջընթացների մասին, նշեց. «2009 թվականից սկսած, Տեսչական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում տեղի ունեցող փոփոխությունները միտված են հնարավոր վտանգների վերացմանը, արդար եւ թափանցիկ աշխատանքի իրականացմանը»:
Գ.Պողոսյանը նաեւ նշեց, որ ուսումնասիրելով զարգացած երկրներում իրականացվող հսկողության մեթոդները, իրենք վերցրել են լավագույն տարբերակը, որն էլ ենթարկելով որոշակի փոփոխության, կիրառել են Հայաստանում: Որպես օրինակ` մասնագետը նշեց ստուգաթերթիկներով աշխատելու արդյունավետ լինելը: Բացի տարվող աշխատանքներից` կարեւորեց հասարակության ակտիվ ներգրավվածությունը խնդիրների բացահայտման ու դրանց ահազանգման վերաբերյալ. «Մեծ կարեւորություն ենք տալիս տարբեր ոլորտներում խնդիրների առաջ կանգնած մարդկանց արձագանքին, լավ կլիներ, որ նրանք նման դեպքերում զանգահարեն թեժ գիծ»,- ասաց Պողոսյանը:
Դե, իսկ Տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Հայկ Այվազյանն էլ հստակ անդրադարձ կատարելով ոլորտներին, որոնցից ոչ պակաս էր նաեւ առողջապահականը` հավելեց. «Տեսչական բարեփոխումների համատեքստում ստեղծվել է առաջին փորձնական օպտիմալացված` առողջապահական պետական տեսչությունը: Ներկայիս գործող մոտ 18 տեսչությունների օպտիմալացման աշխատանքները շարունակվում են»:
Նա նաեւ նկատեց, որ բարեփոխումների իրականացման ճանապարհը հարթ չի անցնում: Զրույցի ընթացքում մասնագետները խոսելով կատարված եւ դեռ սպասվող աշխատանքների մասին, կարեւորեցին տեսուչների վերապատրաստման եւ համապատասխան դասընթացներ կազմակերպելու ծրագիրը եւս:
Սոսե Չանդոյան