«Վրիժառուի օրագիրը» ֆիլմի փակ պրեմիերան. հայտնի հյուրերը և զավեշտալի միջադեպերը (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Երեկ Աբովյան փողոցը փակ էր, իսկ առիթը մեկն էր՝ նկարահանվում էր «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի երկրորդ մասը: Լուսային էֆեկտներն այնքան շատ էին, որ տպավորություն էր, թե գտնվում ենք Հոլիվուդում, իսկ Ամերիկայից ժամանած դերասաններն անկաշկանդ շփվում էին մարդկանց հետ՝ լուսանկարվում, սելֆիներ անում: Blognews.am-ն արդեն պատմել է, որ այդ ֆիլմում մասնակցություն է ունեցել նաև Արման Նշանյանը, ով ներկայանում է բացասական կերպարում։ Երեկ կայացավ նաև ֆիլմի առաջին մասի առաջին փակ ցուցադրությունը: Նշենք, որ Արմանի առաջարկով են նկարահանումներն անցկացվել Հայաստանում, և Ամերիկայից ժամանած խումբը նրա աչքերով է տեսնում Երևանը. «Նկարահանումների մեծ մասը տեղի է ունենում Սողմոսավանքում, բայց նաև ցանկություն են հայտնել նկարահանումներ անել Օպերայի տարածքում: Նրանք շատ տպավորված են մեր վանքերով, եկեղեցիներով: Նկարահանման համար այնպիսի տարածքներ ենք ընտրել, որ միանշանակ հասկացվում է՝ Հայաստանում ենք»:

Դերասանի խոսքով՝ շատ դժվար և չափազանց պատասխանատու էր նկարահանումները կազմակերպել. «Եթե այս ամենից հետո այս մարդիկ ցանկանան կրկին վերադառնալ այստեղ, դա ես կհամարեմ մեծ հաղթանակ»:
Փոլ Սլոնը, ով ֆիլմի գլխավոր դերակատարն էր, նկարահանվել է դերասան Ջոն Տրավոլտայի վերջին ֆիլմում, որտեղ նա նաև սցենարի համահեղինակ էր: «Վրիժառուի օրագիրը» ֆիլմում Արմանը և Փոլը թշնամիներ են, իսկ իրական կյանքում շատ մտերիմ են. «Երբ ծանոթացանք Արմանի հետ, նա այնքան մեզ տպավորեց, որ փոխեցինք գլխավոր դերակատարի ազգությունը և ամեն ինչ համապատասխանեցրինք նրան: Շատ հաճելի էր նրա հետ աշխատել, շատ տաղանդավոր տղա է, և մենք չէինք սպասում, որ հայ ազգի մեջ կան նման տաղանդավոր դերասաններ: Ես և Արմանն այսուհետ լավ ընկերներ կլինենք»:
Հյուրերն անցան կարմիր գորգի վրայով և տեղավորվեցին դահլիճում: Եվ այսպես, կարծես ամեն ինչ նորմալ էր, բայց կինոն սկսվեց առանց ձայն: Բայց գիտե՞ք՝ ինչն էր հետաքրքիր, որ ամերիկացիներն այդ ամենին հումորով նայեցին: Դերակատարներից մեկն էլ սկսեց բղավել՝ «voice», հետո որոշեց հայերեն ասել՝ «ձայնը չկա»: Որոշ ժամանակ անց տեխնիկական խնդիրները լուծվեցին, իսկ ֆիլմի ավարտն ուղեկցվեց բարձր ծափահարություններով:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի